հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացել է Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինեի բնօրինակ լուսանկարը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացել է Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինեի բնօրինակ լուսանկարը

Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե (Եղսո) Չաուշի բնօրինակ լուսանկարը։ Նվիրատուն՝ Մուրադ Ուչաները, լուսանկարը պատահաբար հայտնաբերել է 2005 թ․ Այնթապի պատմական թաղամասերից մեկում՝ մի հին տան վերականգնման աշխատանքների ժամանակ պատի թաքստոցից: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Լուսանկարում Հեղինե Չաուշի մի ձեռքում ատրճանակ է, մյուսում՝ հրացան, կրծքին և գոտկատեղին կապված են փամփշտակալներ։ Լուսանկարն արվել է ամուսնու մահից հետո՝ 1910 թ․ Այնթապում, “M. H. Halladjian” լուսանկարչատանը։ Լուսանկարի դարձերեսին ձեռագիր ընծայագիր կա․ «Հանգուցեալ հերոս Գէորգ Չաուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նուէրը [անընթեռնելի բառ] Տիար Յովհաննէս և տիկին Փիդանեան․ 21 յուլիս, 1910, Հ․Յ․Դ․, Այնթապ»։

Գևորգի և Հեղինեի սիրո պատմությունն անձնուրաց սիրո դրսևորում է. 1905 թ․, չնայած բազմաթիվ խոչընդոտների, ֆիդայական օրենքներին հակառակ նրանք ամուսնանում են։ Ամուսնու զոհվելուց հետո Հեղինեն և նրանց միակ որդին հետապնդվում են թուրքական իշխանությունների կողմից՝ անցնելով լուրջ փորձությունների միջով։

  • Կիսվել: