չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Հայկական նոր հուշարձաններ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Հայկական նոր հուշարձաններ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև մշակույթի ոլորտին, ընդգծեց՝ իրենց աշխատանքները թե՛ մշակութային ժառանգության, թե՛ ժամանակակից արվեստի ուղղությամբ ընթացել են պլանավորվածի համաձայն:

«Հուշարձանների պահպանության նպատակով 2023-ի համեմատ բյուջեից կրկնակի միջոցներ ենք կարողացել ծախսել այս ուղղությամբ: Խոսքն արդեն իսկ իրացված ծախսերի մասին է: 2024-ին 16 հուշարձանի վերականգնողական աշխատանքներ ենք արել, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա համեմատ, 11 հուշարձանի նախագծման և փորձաքննության, 2 հուշարձանների պեղումների»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան ենք ընդգրկել՝ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը:

«Ես սա հատուկ պիտի հիշեցնեմ և հենց բյուջեի առնչությամբ, որովհետև մենք 2023-ին առաջին անգամ բյուջեում առանձին ծրագիր դրեցինք, որպեսզի սա լինի ոչ թե միջոցառում՝ դեպքից դեպք իրականացվող, այլ մեր ամենօրյա աշխատանքի մասը, և այսօր արդեն ուրախությամբ կարող եմ հայտնել, որ ևս երկու հուշարձան կունենանք այս ցանկում, ինչը նշանակում է, որ շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում մեր հուշարձանների ներգրավման ուղիղ աշխատանք ենք տանում, և դա իրականացվում է հենց բյուջետային հատկացումների և հետևողական, ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

 

  • Կիսվել: