«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը՝ ՀՀ ԳԱԱ-ում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Փառատոնի հաղթող է ճանաչվել 62 նախագծի հեղինակ շուրջ 130 աշակերտ:
«Նման միջոցառումները շատ կարևոր են և նպատակ ունեն գիտության բաղադրիչը ներդնել դպրոցներում։ Երեխաների մասնագիտական կողմնորոշումը պետք է դպրոցում տեղի ունենա։ Պետք է դպրոցներում զարգացնել բնական գիտությունները։ Այսօր մենք ապրում ենք գիտության, բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, և հիմքը պետք է դրվի դպրոցներում։ Գիտությունների ազգային ակադեմիայի ավելի քան երեք տասնյակ ինստիտուտները պատրաստ են աջակցելու նման նախաձեռնությունների զարգացմանը»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։
«Այս մրցանակները, առաջին հերթին, ձեր աշխատանքի արդյունքն են, և ուզում եմ անկեղծորեն շնորհավորել ձեզ դրա համար։ Շատ կարևոր է, երբ մարդն աշխատում է և տեսնում է իր աշխատանքի արդյունքը։ Ձեր դեպքում դա տեղի է ունեցել։ Հուսով եմ, որ այս հաղթանակը ձեզ մոտիվացնելու և ոգևորելու է ձեր հետագա հաղթանակների ճանապարհին»,- հաղթողներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշել է, որ «Հայկական համադպրոցական գիտության փառատոնի» շրջանակում ներկայացվող նախագծերի թիվը տարեցտարի ավելանում է։ «Եթե 2021-ին ընդամենը 38 նախագիծ ունեինք, ապա 2025-ի համար արդեն 91 տարբեր նախագծեր են ներկայացվել 5 տարբեր անվանակարգերում։ Սա այն միջոցառումներից է, որ կրթության հանդեպ թերահավատություն ունեցող մեր քաղաքացիներին, կարծում եմ, արժե անպայման ներկա լինել և տեսնել, թե իրականում մեր դպրոցներում ինչ աշխատանք է կատարվում։ Գիտության փառատոնի հաղթողներն են, որ հետագայում հնարավորություն են ստանում մասնակցել նաև միջազգային գիտական փառատոների։ Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր երեխաները նաև միջազգային գիտական փառատոներից են վերադառնալու մեծ հաջողություններով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։