երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով

Հայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա համերգով: Համերգային երեկոն նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 11-ին, սակայն այն հետաձգվել էր և կկայանա դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կհնչեն հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիները:

Հատուկ ծրագիր է մշակվել հոբելյանական համերգի համար: Հայկական ժողովրդական երաժշտությունից մինչև էթնո-ջազային կոմպոզիցիաներ, հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր. ահա այն երաժշտական բազմաժանր ստեղծագործությունները, որոնց կատարումներով երջանկահիշատակ Ջիվան Գասպարյանին շնորհակալություն են հայտնելու անվանի երաժիշտները` դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, թմբկահար Արտո Թունչբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, «Գաթա» բենդի տաղանդաշատ երաժիշտ ստեղնաշարային գործիքահար Գարեգին Առաքելյանը, որը նաև նոր գործիքավորումներ է պատրաստել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի համատեղ կատարումների համար:

Ջիվան Գասպարյանը որպես դուդուկահար իր առաջին քայլերն արել է հենց այս անսամբլում և առաջին ելույթները եղել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կցուցադրվեն նաև արխիվային կադրեր Գասպարյանի կատարումներից::

Ջիվան Գասպարյանն աշխարհին դուդուկը ներկայացրել է նորովի և երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ այն ամրագրել է որպես հայկական երաժշտական գործիք: 2005 թվականին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց և մակագրվել է 2008-ին: 2008-ին նաև մեծ հոբելյանական համերգով նշվեց Ջիվան Գասպարյանի 80-ամյակը, առաջին անգամ Հայաստան էին ժամանել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ինչպիսիք են Պիթեր Գեբրիելը, Զուկեռոն, Ալան Փարսոնս Փրոջեքթը, Անդրեաս Վոլենվաիդեռը և այլք: Ջիվան Գասպարյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների: Նա 1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորության ներքո։ Նույն մրցույթին մասնակցելով՝ 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973-ին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ ազգային արվեստագետի պատվավոր կոչմանը։ 1978-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է ճանաչվել, 2000-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացի, 2001-ին ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալի է արժանացել, 2001-ին «Ոսկե գլոբուս» է ստացել, 2002-ին «Womex Award» միջազգային հեղինակավոր մրցանակին է արժանացել, 2006 թվականին ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի, 2017-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է ստացել:

Ջիվան Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ: Նրանցից են Բրայան Ինոն, Բրայան Մեյը, Փիթեր Գեբրիելը, Լայոնել Ռիչին, Հանս Զիմերը, Ջերի Գոլդսմիթը, Գրեմ Ռեվելը, Լարա Ֆաբիանը, Կրոնոս կվարտետը և այլք: Ջիվան Գասպարյանի ձեռքբերումները կարելի է անվերջ թվարկել: Դուդուկի մեծ վարպետը տասնյակ տարիներ պատվով ներկայացրել է աշխարհին հայ մշակույթը, համերգներով հանդես է եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ հավատարիմ մնալով հայ մշակույթին:

  • Կիսվել: