շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունը՝ Դիլիջանում

Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունը՝ Դիլիջանում

Դիլիջանում գտնվող Դիտարանում կարող եք դիտել «Պատկերք» 360° իմերսիվ ցուցադրությունը, ուր ներկայացված է հայ արվեստի ընտրանին՝ մանրանկարներից մինչև Այվազովսկի և Սարյան։ Սա Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունն է։

Արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը նշում է, որ իմերսիվ ցուցադրության նպատակն է մեր մշակութային ժառանգության գանձերը ներկայացնել նորարարական մուլտի-մեդիա տեխնոլոգիաների և մոտեցումների միջոցով։ «Մենք արդարացիորեն հպարտանում ենք մեր մշակութային հարուստ ժառանգությամբ, սակայն հաճախ թերանում ենք այն ներկայացնել պատշաճ արդիական ձևերով», – նշում է նա։
«Պատկերք» իմերսիվ ներկայացումը լրացնում է հենց այս բացը թե մեր հասարակության, թե զբոսաշրջիկների համար (ցուցադրությունն իրականացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն)։

Իմերսիվ եղանակով ներկայացվող մանրանկարների ընտրանին ներառում է Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլ մանրանկարիչների գործերը։ Հատուկ տեղ է հատկացվել մանրանկարներում պատկերված հայոց արքաներին՝ Տրդատ Մեծից մինչև հայոց վերջին արքայի օծումը։
Ներկայացվում են նաև Արշակ Ֆեթվաճեանի, Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի կտավները, որոնք կարելի է դիտել 360° աստիճան իմերսիվ ներկայացմամբ՝ գմբեթաձև էկրանին։

Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ եռաչափ 3d վերակազմությամբ, հանդիսատեսը հայտնվում է Անիի Հոնենց եկեղեցու ներսում։ Դա տեղի է ունենում անվանի ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Անի» սիմֆոնիայի ներքո, Trinity College of Music Wind Orchestra-ի կատարմամբ։

Ընդհանրապես, երաժտական ձևավորմանը հատկացվել է մեծ ուշադրություն։ Օգտագործվել թե միջնադարյան հայկական երաժշտությունը (Գրիգոր Պահլավունու «Ով Զարմանալի»-ն), թե Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատուկ ձայնային էֆեկտներ (օրինակ, «ծովային էֆեկտ» Այվազովսկու կտավների ցուցադրության ընթացքում)։

«Պատկերք» իմերսիոն ներկայացումը պատրատվել է Մատենադարանի, Ազգային պատկերասրահի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ գործընկերությամբ։

«Պատկերք»-ը ցուցադրվում է Դիլիջանի քաղաքային զբոսայգում գտնվող Դիտարանում։

Դիտարանում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները և գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են ստեղծում ամբողջությամբ՝ 360° ընկղմվել ներկայացումների մեջ և որակյալ ու հետաքրքիր բովանդակություն վայելել։ Դիտարանը նաև հարթակ է Հայաստանի և Սփյուռքի նկարիչների, ճարտարապետների, լուսանկարիչների, երաժիշտների և արվեստի այլ գործիչների ստեղծագործությունների նորարարական դիտումների և միջոցառումների համար։

  • Կիսվել: