Կառավարությունը 665 մլն դրամ է հատկացնում «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի անցկացման համար
ՀՀ կառավարությունը հաստատել է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթի կազմակերպման համար պետական աջակցություն տրամադրելու նախագիծը։ Մրցույթի անցկացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի շուրջ 665 մլն դրամ։
Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում հունիսի 6-ին։
Նա նշել է, որ նախագիծն իրականացվում է Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցությամբ և կարևոր հնարավորություն է ստեղծում Հայաստանը միջազգային մշակութային հարթակում ներկայացնելու, հատկապես՝ դասական արվեստի ուղղությամբ։
«Կառավարությունն ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների և միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ, որոնք նպաստում են մեր երկրի տեսանելիությանը և ճանաչելիությանը, իսկ դասական Եվրատեսիլը գալիս է համալրելու այդ շարքը»,-ասաց նախարարը։
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ մրցույթի օրը խորհրդանշական է, քանի որ այն համընկնում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա հետ։ Նրա խոսքով՝ միջոցառումը ևս մեկ հնարավորություն կտա ընդգծելու մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության արժեքն ու նշանակությունը։
Մրցույթը կանցկացվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի։ Նախարարը նշել է, որ միջոցառումները կկազմակերպվեն ոչ միայն թատրոնի ներսում, այլև արտաքին հատվածներում, այդ թվում՝ տանիքային հարթակներում, որտեղ նախատեսվում են բալետային և այլ բեմադրություններ։
Նրա խոսքով՝ մրցույթի ուղիղ հեռարձակումը կիրականացվի 11 մասնակից երկրի համար՝ ապահովելով Հայաստանի միջազգային լայն տեսանելիությունը։ Մրցույթին կմասնակցեն Հայաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեյցարիան, Բելգիան, Գերմանիան, Չեխիան, Կիպրոսը, Լեհաստանը, Լատվիան, Շվեդիան։
Նախարարի խոսքով՝ միջոցառման շրջանակում հյուրերի համար նախատեսվում են նաև մշակութային ծրագրեր, թանգարանների և արվեստի կենտրոնների այցելություններ, ինչը, ըստ նրա, կնպաստի նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Հայաստանը մրցույթում կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը, նախարարի խոսքով, արդեն հանդես է եկել տարբեր հեղինակավոր բեմերում և նվագախմբերի հետ։
Հատկացվող ֆինանսավորումը կուղղվի մրցույթի կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը։
Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել նաև զբոսաշրջությունը։


