հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվել են «Քրիստոնյա Հայաստան» խորագրով ցուցասրահները

Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվել են «Քրիստոնյա Հայաստան» խորագրով ցուցասրահները

Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց մշտական ցուցադրության երրորդ հարկաբաժնի վերջին հատվածը՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով ցուցասրահները։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ընդգծեց ներկա իրավիճակում հայ մշակույթի պահպանման, համակողմանի ներկայացման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ ցուցադրության բացման օրը խորհրդանշական է թանգարանի համար․ 104 տարի առաջ՝ 1919 թ․ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի որոշմամբ հիմնադրվեց թանգարանը։

Ելույթ ունեցան նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը և ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆ․ Համլետ Պետրոսյանը։

Նշենք նաև, որ մշտական ցուցադրությանը զուգահեռ՝ բացվեց «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ․ մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ, այդ թվում՝ Հին Ջուղայի գերեզմանատան 16-րդ դ․ խաչքարը, Մշո Սբ․ Առաքելոց վանքի 1136 թ․ փայտե դուռը, Հաղարծնի վանքից գտնված կաթսան։

Հիշեցնենք, որ այսուհետ մշտական ցուցադրության՝ քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող բոլոր սրահները բաց կլինեն մեր այցելուների համար։

  • Կիսվել: