շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի». լեզվաբան Հրաչ Մարտիրոսյան

«Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի». լեզվաբան Հրաչ Մարտիրոսյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երիտասարդ գիտնականների համար «Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» և «Հայոց հնագույն դիցուհու պաշտամունքի մնացուկները Արցախում ու Սյունիքում» թեմաներով օրերս զեկուցմամբ հանդես եկավ լեզվաբան-համեմատաբան Հրաչ Մարտիրոսյանը:

ԳԱԱ-ից հայտնում են, որ նա ներկայացրեց հայոց լեզվի պատմությունը՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ, ընդգծեց Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկությունները:

Հրաչ Մարտիրոսյանը կարևորեց հայագիտության հանրայնացումը: «Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի: Մենք ունենք աշխարհում հայագիտության հանրայնացման խնդիր: Այդ անհրաժեշտությունը նաև պայմանավորված է քաղաքական արդի վիճակով: Մեր թշնամին համակարգված աշխատում է գիտությունը կեղծելու ուղղությամբ:  Մենք պետք է ոչ միայն գիտական, այլ նաև դիվանագիտական հանրայնացման օղակներով ակադեմիական ճշմարտությունը տեղ հասցնենք», - ասաց Հրաչ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հնդեվրոպական ակադեմիական դաշտը չի կարող ուսումնասիրվել և զարգանալ առանց հայերենի: «Ես հաճախ դասախոսելու հրավերներ եմ ստանում եվրոպական տարբեր երկրներից և կարող եմ վստահ ասել՝ գիտական աշխարհը հետաքրքրված է հայագիտությամբ», - նշեց նա:

Երիտասարդ գիտնականներին Հրաչ Մարտիրոսյանը խորհուրդ տվեց. «Հարկավոր է ունենալ լայն մտահորիզոն և տեսնել, որ հետազոտական նյութը օվկիանոս է, բազմաշերտ և չունի սահմաններ»:

Հրաչ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունն իր ողջ ընթացքով՝ հնդեվրոպական ակունքներից մինչև բարբառներ ու արդի լեզու։ 2008 թվականին Նիդեռլանդների Լեյդենի համալսարանում նա պաշտպանել է «Հայերենի բնիկ բառամթերքի ստուգաբանական բառարան» թեմայով ատենախոսությունը, այնուհետև դասավանդել է նույն համալսարանում: Հրաչ Մարտիրոսյանը դասախոսել է նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի, Միչիգանի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Մոսկվայի համալսարաններում, գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Վիեննայի, Բեռլինի, Լեյդենի համալսարաններում: Հայաստանում նա հաճախ անցկացնում է դասընթացներ և գիտարշավներ:

  • Կիսվել: