հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայ կրթական  հիմնարկությունը հայտարարում է նոր ուսումնական տարվա կրթաթոշակային մրցույթը

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է նոր ուսումնական տարվա կրթաթոշակային մրցույթը

Հայ կրթական հիմնարկության  2026-2027 ուսումնական տարվա  կրթաթոշակային  մրցույթի դիմումների ընդունման ժամկետը մարտի 2-ից  մինչև ապրիլի 30-ն է։ Մրցույթին կարող են մասնակցել  ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև  Ջավախքում բնակվող  հայ ուսանողները։ Կրթաթոշակը ծածկում է ուսման վարձի մեծ մասը՝ 90 տոկոսը, և նախատեսված է այն դիմորդների համար, որոնք ունեն ակադեմիական բարձր արդյունքներ և ընտրել են երկրի զարգացման համար կարևոր մասնագիտություններ, որոնք ներառված են հիմնարկության բուհերի և մասնագիտությունների այս տարվա ցանկում։ Ի դեպ, ցանկը ամեն տարի որոշակի փոփոխության է ենթարկվում՝ հաշվի առնելով Հայաստանում առկա պահանջարկը։  

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց  Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե  Հարոյանը՝ ընդգծելով, որ  ՀԿՀ-ն ստեղծվել է սփյուռքում ապրող հայ բարերարների նախաձեռնությամբ՝ մեկ պարզ և կարևոր գաղափարով՝ աջակցել  հայ երիտասարդներին կրթություն ստանալու ճանապարհին։ Սկզբնական շրջանում կազմակերպությունը հիմնականում աջակցում էր հայ ուսանողներին արտերկրում, սակայն տարիների ընթացքում իր գործունեությունն ընդլայնել է նաև Հայաստանում։  Այսօր հիմնարկությունը դարձել է Հայաստանի կրթաթոշակային խոշորագույն ծրագրերից մեկի իրականացնողը՝ օգնելով հարյուրավոր ուսանողների ստանալ բարձրագույն կրթություն և իրենց գիտելիքներով նպաստել երկրի զարգացմանը։  

Բացի հիմնական կրթաթոշակային ծրագրից, որի շրջանակում ամեն տարի հարյուրավոր ուսանողներ ստանում են ֆինանսական աջակցություն՝ սովորելու  Հայաստանի առաջատար  համալսարաններում, հատկապես STEM մասնագիտությունների ոլորտում, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է մի շարք այլ ծրագրեր։ Հայ կրթական հիմնարկությունը խրախուսում է ուսանողների մասնագիտական զարգացումը՝ կազմակերպելով հանդիպումներ, մենթորություն, շրջանավարտների հետ կապի ձևավորում և տարբեր կրթական նախաձեռնություններ։

Հիշատակման արժանի է  վերջերս իրականացրած ՀԿՀ ստարտափ ինկուբացիոն ծրագիրը, որի շրջանակներում ուսանողները շաբաթներ շարունակ աշխատել են  ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ ստանալով արժեքավոր գիտելիքներ և կատարելագործելով իրենց նախագծերը։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել ուսանողների  և շրջանավարտների համար  համապարփակ ձեռնարկատիրական կրթություն՝ նպաստելով  Հայաստանում առկա կարևոր  մարտահրավերները հաղթահարելուն և կայուն տնտեսական ու համայնքային զարգացումը խթանելուն։

Բացի մասնագիտական գիտելիքներից, ՀԿՀ-ի ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում ազգային ինքնության, մշակույթի և համայնքային պատասխանատվության ձևավորմանն ու զարգացմանը։ Երբ երիտասարդները հասկանում են իրենց կրթության կարևորությունը ոչ միայն  անձնական, այլև ազգային մակարդակով, նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում ապագային և երկրի զարգացմանը։  

«Կրթությունը ցանկացած երկրի զարգացման հիմքն է, և Հայաստանի նման փոքր, բայց մեծ ներուժ ունեցող երկրի համար այն ունի ռազմավարական նշանակություն»,– նշեց ՀԿՀ-ի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը՝ ընդգծելով, որ «կրթված և պատասխանատու երիտասարդներն են, որ կարող են ստեղծել նորարարություններ, զարգացնել տնտեսությունը և ամրապնդել պետական ինստիտուտները»։

Հիմնարկության առջև կանգնած հիմնական մարտահրավերներից մեկն է երիտասարդների համար հավասար կրթական հնարավորությունների ապահովումը։ Շատ տաղանդավոր  ուսանողներ  ունեն բարձր  ակադեմիական արդյունքներ, սակայն ֆինանսական սահմանափակումները կարող են խոչընդոտել նրանց կրթությանը։

«Հայ կրթական հիմնարկությունը փորձում է ընդլայնել կրթաթոշակային հնարավորությունները և ներգրավել նոր գործընկերների ու բարերարների՝ ավելի շատ ուսանողների աջակցելու համար։ Վերջինս համատեղում է  ֆինանսական աջակցությունը մասնագիտական զարգացման հնարավորությունների հետ՝ աշխատելով շրջանավարտների ցանցի ստեղծման վրա, խրախուսելով կամավորությունը, առաջնորդության զարգացումը և մասնագիտական համագործակցությունները, որոնք բարձրացնում են երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում»,-եզրափակեց Արմինե Հարոյանը։

  • Կիսվել: