կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ-ֆրանսիական՝ «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը» նախագիծը ստացել է Եվրոպական ժառանգության բարձր մրցանակը

Հայ-ֆրանսիական՝ «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը» նախագիծը ստացել է Եվրոպական ժառանգության բարձր մրցանակը

Այս տարի 21 երկրներից մշակութային ժառանգության ոլորտի 30 նշանակալից աշխատանք արժանացել են Եվրոպայի գերագույն պարգևին: Այս տարվա մրցանակակիրների թվում է հայ-ֆրանսիական՝ «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը» նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպա Նոստրայի տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան համալիրը հանգամանորեն ուսումնասիրվել է 2009 թվից մինչև 2021 թ.: Ուսումնասիրությունն իրականացվել է  բազմառարկայական և շրջակա միջավայրի հանդեպ հատուկ ուշադրություն դրսևորող նորարար մոտեցումներով:

Մշակութային ժառանգության եվրոպացի փորձագետներից կազմված ժյուրին ընտրել էր 30 հաղթողի։ Ընտրությունը կատարվել է այս տարի 35 եվրոպական  երկրներից կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացրած հայտերի ուսումնասիրության համար պատասխանատու Ընտրական հանձնաժողովների գնահատականների հիման վրա։

 

Անդրադառնալով 2023 թ. հաղթողներին, եվրոպական ապրելակերպի տարածման գծով փոխնախագահ, ներկայումս նաև մշակութային հարցերով պատասխանատու Մարգարիտիս Սխինասը  նշել է.

«Այս տարվա Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության հաղթողների յուրաքանչյուր ձեռքբերում, լինի դա  հավաքական թե անհատական,  բացառիկ հմտությունների և նվիրվածության  արդյունք է, որnնք իրենց մեջ ներառում են ժառանգության վայրերն ու ավանդույթները ողջ Եվրոպայում: Կարևորելով այս ձեռքբերումները՝ մենք նաև վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պաշտպանելու մեր ընդհանուր մշակութային ժառանգությունը, քանի որ դա, որպես Եվրոպայի քաղաքացի և որպես եվրոպական համայնք, կենսական նշանակություն ունի մեր միասնականության զգացողության համար»:

 

Աշխարհահռչակ մեցցոսոպրանո Չեչիլիա Բարտոլին, ով նաև Եվրոպա Նոստրայի նախագահն է, հայտարարել է.

«Ջերմորեն շնորհավորում եմ այս տարվա Եվրոպական ժառանգության / Եվրոպա Նոստրայի մրցանակակիրներին ըստ արժանվույնս գնահատվելու համար։ Նրանք  ոգեշնչող օրինակներ են, որոնք իրապես նպաստում են ավելի գեղեցիկ, կայուն և ամբողջական  Եվրոպայի կառուցման համար: Նրանց հաջողության պատմությունները ցույց են տալիս, որ փորձի փոխանակման, նվիրվածության, ստեղծարարության և նորարարության շնորհիվ կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն: Ես անհամբեր սպասում եմ նրանց հետ անձամբ հանդիպմանը, որպեսզի պատվենք բոլոր մրցանակակիրներին եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության արարողության ժամանակ, համաշխարհային ժառանգության քաղաք՝ մեր սիրելի Վենետիկում»։

Հաղթողները կպարգևատրվեն սեպտեմբերի 28-ին Վենետիկի Պալացցո դել Չինեմայում կայանալիք Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության ժամանակ։ Այս հեղինակավոր իրադարձությունն իր մասնակցությամբ կպատվի Եվրոպա Նոստրայի նախագահ Չեչիլիա Բարտոլին: Ակնկալվում է նաև Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի ներկայությունը այս կարևոր միջոցառմանը: Մրցանակաբաշխության ընթացքում այս տարվա հաղթողների միջից կհայտարարվեն գլխավոր մրցանակի դափնեկիրները և հանրության համակրանքին արժանացած հաղթողը։ Հաղթողները կընտրվեն այս տարվա մրցանակակիրներից և նրանցից յուրաքանչյուրին կշնորհվի 10.000-ական եվրո: Այս իրադարձությունը կհանդիսանա որպես Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ կազմակերպված Եվրոպական մշակութային ժառանգության գագաթնաժողովի կարևոր իրադարձություն և տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 27-30, Համաշխարհային ժառանգության քաղաք Վենետիկում:

Մշակութային Ժառանգության աջակիցներն ու գնահատողները կարող են ծանոթանալ մրցանակակիրների հետ և առցանց քվեարկել այն մասնակցի համար, ով քվեարկությունից հետո կդառնա 2023 թվականի Հանրության ընտրության մրցանակի հաղթողը ու կստանա 10.000 եվրո դրամական պարգև:

  • Կիսվել: