Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը
Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները:
Նոր կարգավորումը նպատակ ունի խթանել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումները:Ըստ հաստատված կարգի՝ ՀՀ-ում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպությունները կանցնեն հավատարմագրման գործընթաց: Փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները կհավատարմագրվեն՝ հինգ տարի ժամկետով վերահավատարմագրման իրավունքով, և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:
Ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին` նպաստելով մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների արդյունավետության բարելավմանը:
Հավելենք, որ «Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությունը 2025 թվականի մայիսի 29-ի նիստում, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: