երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հակառակորդները չեն կարող շեղել մեզ պետության զարգացումից.Արայիկ Հարությունյան

Հակառակորդները չեն կարող շեղել մեզ պետության զարգացումից.Արայիկ Հարությունյան

Հակառակորդները չեն կարող շեղել մեզ պետության զարգացումից, ունենալու ենք լավագույն խաղերը պատմության մեջ։ Այս մասին հայտնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․

«Այսօր մասնակցել եմ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:

Քննարկել ենք համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

Գիտեք, որ 2019 թվականին կառավարությունն առավելագույնս աջակցել է համահայկական խաղերի կազմակերպմանը և հիմա էլ կրկնակի եռանդով պատրաստ է դա իրականացնել: Մեր նպատակն է, որ համահայկական ամեն հաջորդ խաղերը լինեն ավելի լավը, ավելի որակով և ավելի կազմակերպված: Այդ պատճառով կառավարության անդամները և Վարչապետի աշխատակազմը սերտ համագործակցությամբ ամեն ինչ կանեն բոլոր խնդիրները հարթելու, լուծելու, մեր գործընկերների հետ շփվելու, առաջ գնալու համար։

Ուզում եմ ասել, որ մենք միտված ենք աշխատանքի և չենք պատրաստվում նույնիսկ ամենածանր պահերին շեղվել այս աշխատանքից, որովհետև մեր հակառակորդները, թշնամիները, մրցակիցները նպատակ ունեն մեզ մեր զարգացման ճանապարհից շեղել: Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը և իրադարձությունը, որոնք ցույց կտան մեր միակամությունը և այն, որ զարգացման բոլոր ուղղությունները, որ ունենք և այն իրադարձությունները, որոնք նախանշել ենք, կազմակերպելու ենք բոլոր դժվարություններով հանդերձ։

Հաջորդ տարի՝ ապրիլի 15-23-ը, Երևանում կայանալու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ»,- գրել է նա:

  • Կիսվել: