Գյումրու պետական դրամատիկական թատրոնում տոնել են Թատրոնի միջազգային օրը
Մարտի 27-ին թատերական աշխարհն ու թատերասերները տոնում են Թատրոնի միջազգային օրը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրը նշանավորվեց համեստ միջոցառմանբ, քաղաքային իշխանության կողմից 9 աշխատակիցների պարգևատրությամբ։
Աճեմյանցիները շնորհավորեցին միմյանց, կրկին գնահատեցին կուռ ու միասնական աշխատակազմ ունենալու բերկրանքը, հնչող մաղթանքներն էլ միանման ստացվեցին՝ խաղաղություն ու կրկին խաղաղություն հայրենի եզերքին ու հայ մարդու ներաշխարհին։

Օրվա առիթով թատոնի համար նվեր էր պատրաստել «Բրեյն ֆորս» կազմակերպությունը․ Գյումրու դրամատիկականը այսուհետ կունենա կայք, որտեղ այցելուները կգտնեն իրենց հետաքրքրող համապարփակ տեղեկատվություն, ինչպես նաև պատվիրել տոմսեր՝ ամրագրելով իրենց ցանկացած տեղը՝ ցանկացած ներկայացման համար։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ լավագույն նվերի համար,ինչպես նաև բարձր գնահատեց թատրոնի ողջ անձնակազմի անձնվեր աշխատանքը՝ որակելով այն որպես Աճեմյանական թատրոնի հաջողությունների հիմնաքար։

