երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գյումրիում «Քեյս» ներկայացումը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում

Գյումրիում «Քեյս» ներկայացումը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 155-րդ թատերաշրջանի առաջնախաղը՝ «Քեյս» ներկայացումը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում։ Երկար դադարից հետո հարազատ թատրոնը հանդիսատեսին ընդունեց գյումրեցի Բաբկեն Զաքարյանի հեղինակած և Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած անչափ տպավորիչ ու արդիական պիեսով։

Մինչ այդ, պրեմիերային նախորդող մամուլի ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին թատրոնում իրականացված աշխատանքները, ինչպես նաև սպասվելիք ծրագրերը։
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը տեղեկացրեց, որ հունվար-փետրվար ամիսներին խաղացել են հիմնականում մանուկ հանդիսատեսի համար, իսկ երեկոյան ներկայացումների մեկնարկը տրվել է մարտ ամսից։

2021-ին աճեմյանցիները հանդես կգան ավելի շատ կոմեդիաների ներկայացմամբ, որտեղ կխոսեն հանդուրժողականության, սիրո և ջերմության մասին․դրամաներ չեն խաղալու, քանի որ թատրոնն իր առաքելությունն ունի՝ հակակշռել տրամադրություններն ու ստեղծել բարենպաստ միջավայր՝ հաղթահարելու բոլորիս համակած դժվարությունները։

Անդրադառնալով վարչական և կազմակերպչական հարցերին, տնօրենը նշեց, որ 2020թվականի աբոնեմենտներով շուրջ 5000 երեխա արդեն այս տարի հաճախել է թատրոն, վերանորոգվել է Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի բեմը, ամռան ընթացքում կփոխվեն թատրոնի դիմապակիները, վերջնական շահագործման կհանձնվի թատրոնի կայքէջը։ Գալով առաջնախաղին, նա նշեց, որ պիեսում արծարծվում են խնդիրներ, որոնք շատ այսօրեական են․«Կարծում եմ, որ այս ներկայացման մեջ յուրաքանչյուր հանդիսատես կհասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունի, և եթե ունի ինչ որ բան, պետք է հատուցի դրա համար․ բեմդրության հիմքը սակայն, միանշանակ, սերն է», նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը խոսելով պիեսի մասին, նշեց․«Այս ներկայացումը դիտելիս, ինձ մոտ գալիս է մի միտք՝ աշխատած փողը հալալ է, չաշխատած փողը՝ հարամ, որովհետև եթե դու աշխատելով ստանում ես 70 հազար դրամ, դա փող է, բայց եթե դու գողոնի ձևով՝ առանց աշխատելու ստանում ես 4 միլիարդ դրամ՝ անպայման կգա փոխհատուցման պահը», թատրոնի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն էլ հավելեց, որ հարկադիր դժվարությունները խոչընդոտ չհանդիսացան ստեղծագործելու և կարոտած հանդիսատեսին նոր ասելիքով ներկայանալու համար։

2 գործողությամբ Ֆարսը 2 ժամից ավելի հանդիսատեսին գամված պահեց բեմին, պատճառվող ցավի դիմաց առատորեն վարձատրող քեյսի կործանարար հետևանքները ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ կյանքում ամեն ինչ իր գինն ունի, իսկ ջերմ ընդունելությունը, բուռն ծափերը հաստատեցին, որ խստապահանջ գյումրեցի հանդիսատեսն ընդունեց ներկայացումը, ընկալեց ասելիքը, և այն երկար բեմական կյանք կունենա:

  • Կիսվել: