երկուշաբթի, դեկտեմբեր 4
4 / 12 / 2023
Գյումրիում բացվեց ՌԴ նկարիչների միության անդամ Ալեքսեյ Դուրասովի անհատական ցուցահանդեսը

Գյումրիում բացվեց ՌԴ նկարիչների միության անդամ Ալեքսեյ Դուրասովի անհատական ցուցահանդեսը

Գյումրու Գալերի 25 ցուցասրահում նոյեմբերի 12-ին  բացվեց  արվեստագետ, ՌԴ նկարիչների միության անդամ Ալեքսեյ Դուրասովի՝ «Սիրով՝ Գյումրուն» խորագրով ցուցադրությունը:

Նկարիչն առաջին անգամ Հայաստան է ժամանել մարտին ու այդ ընթացքում, այցելելով Գյումրի, զարմացել քաղաքի գեղեցկությամբ: «Մարտին, երբ հայտնվեցի Գյումրիում, հմայված էի տեղի ճարտարապետության գեղեցկությամբ և ինքնատիպությամբ, քաղաքի բնակիչների բարությամբ ու կենսասիրությամբ: Մի քանի ամիս շարունակ ես ուսումնասիրում և նկարում էի իմ շրջապատը»,-մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում է նկարիչը:

Վեց ամիս նկարիչը բնակվել է Գյումրիում ու այդ ողջ ընթացքում նկարել է քաղաքը՝ մարդկանց, շինությունները, փողոցը, այն  ամենը, ինչը նրա կարծիքով առանձնահատուկ է դարձնում Գյումրին: Ռուս նկարիչը  ցանկություն է հայտնել իր  նկարներով պատմել Գյումրու մասին: «Հուսով եմ՝ այս ցուցադրությանը ներկայացվող գրաֆիկական աշխատանքների շարքով կարողացել եմ փոխանցել իմ հիացմունքը: Միգուցե,  օտար մարդու թարմ հայացքը գյումրեցիների համար այլ գույնով բացահայտի հարազատ քաղաքը»,- ասում է Ալեքսեյ Դուրասով՝ ընդգծելով, որ ցուցահանդեսը հնարավոր դարձավ «Բեռլին ԱՐՏ» հոթելի համահիմնադիր, Գյումրիում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանի ջանքերով:

 

 

 

  • Կիսվել: