Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը։
Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող գիտաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շահառուները ներկայացնելու են իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները՝ «Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր», «Գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» և «Արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր»: Այս տարի ցանկում ընդգրկվել է նաև «Նպատակային ծրագրեր» դրամաշնորհը, որը միտված է պետական կառավարման ոլորտի ռազմավարական խնդիրների լուծմանը և գիտական արդյունքների կիրառական նշանակության ընդլայնմանը։
Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ ամենամյա գիտաժողովը դարձել է գիտության զարգացման շուրջ համատեղ քննարկումների, փորձի փոխանակման և տարբեր գիտական ուղղությունների միջև համագործակցության ձևավորման կարևոր հարթակ։ Նախարարի խոսքով՝ այս տարվա թեման և խորագիրը շեշտադրում են գիտության առանցքային դերը հանրային և պետական զարգացման գործում:
Նրա խոսքով՝ համաժողովում առաջին անգամ քննարկվելու են նպատակային ծրագրերը, որոնց միջոցով պետական մարմինների կարիքներից բխող հետազոտական թեմաներ են իրականացվելու գիտնականների մասնակցությամբ։
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև, որպեսզի պետական գերատեսչություններն ունենան բավարար կարողություններ՝ հասկանալու՝ բազմաթիվ ոլորտային խնդիրների լուծման համար պահանջում է գիտական հետազոտություն։
Նախարարն անդրադարձել է նաև գիտական գործունեության կազմակերպման խնդիրներին՝ նշելով, որ տարիներ շարունակ ձևավորվել է մոտեցում, ըստ որի՝ գիտնականը պետք է միաժամանակ լինի և՛ հետազոտող, և՛ կառավարիչ, և՛ կազմակերպիչ։
Նրա խոսքով՝ գիտության հանրայնացումը կարևոր նշանակություն ունի նաև երեխաների շրջանում՝ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու տեսանկյունից։
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել են ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրն ու գերակա ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջիկա տարիներին ոլորտում մեծ և համատեղ աշխատանք կա իրականացնելու։
«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովին առաջին անգամ հրավիրվել են մասնակցելու նաև «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր», «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր», «PostDoc-Armenia» դրամաշնորհների շահառուները: Դրամաշնորհային ծրագրերի ղեկավարների բանավոր զեկույցներից բացի՝ «Gong Show» ձևաչափով կներկայանան նաև երիտասարդ հետազոտողները՝ կարճ ելույթներով խոսելով իրենց հետազոտությունների մասին:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ իրականացվող գիտական միջոցառումը, որը մեկնարկել է 2022 թվականին՝ որպես «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով», կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ։ Գիտաժողովը նպատակ ունի խթանելու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը, ամրապնդելու միջգիտակարգային կապերը, նպաստելու Հայաստանում ժամանակակից գիտական միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը։ Արդեն 5 տարի գիտաժողովը հարթակ է ստեղծում մասնագիտական քննարկումների և միջգիտակարգային ակտիվ փոխգործակցության ձևավորման համար։ Ներկայացված զեկույցները վերաբերում են գիտության տարբեր ճյուղերին՝ բնագիտական, ճարտարագիտական, բժշկական, ագրարային, հայագիտական, հումանիտար, հասարակագիտական և այլ ուղղություններ։
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը:


