ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերա

«Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերա

Հուլիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ֆիլմում փորձ է արվում համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ և նշանակալի դրվագները:

Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի քան 110 նվագախմբեր, որոնց թվում են Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուսը, Բեռլինի, Դրեզդենի, Վիեննայի, Փարիզի, Ավինիոնի նվագախմբերը:

Կինոպատումն ունի լայն աշխարհագրություն` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ Թաուն. սա Մաեստրոյի ստեղծագործական ուղու ընդամենը մի մասն է, որն անցնում ենք նորից՝ նպատակ ունենալով պահոցներում գտնել Դուրյանին նվիրված նյութեր, Մաեստրոյին գնահատող և նրա արվեստով հիացած մարդկանց:

Առաջին անգամ փորձ է արվում մանրամասն ներկայացնել նաև Օհան Դուրյանի հասարակական գործունեությունը, անարդարություն չհանդուրժող և ընդվզող կերպարը, որը ենթարկվել է հալածանքների՝ զրկվելով հայրենիքում ստեղծագործելու հնարավորությունից:

Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:

  • Կիսվել: