շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում կայացավ «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացումը

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում կայացավ «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացումը

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքի Մշակութային կենտրոնում կայացավ «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

Ալֆորվիլի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ անցկացվող Հայ գրքի տոնավաճառն այս տարի կրում է «Մշակույթը՝ դիմակայության ասպարեզ» խորագիրը և մեկ շաբաթ շարունակ այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությանը, մշակույթին, գրականությանը և այլ բնագավառներին վերաբերող շուրջ 1200 անուն հայալեզու, ֆրանսալեզու և անգլալեզու գրքեր։ Տոնավաճառի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ և Ֆրանսիայի փարիզյան շրջանի հայկական դպրոցների աշակերտների մասնակցությամբ աշխատաժողովներ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Միջոցառմանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հայկական ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ դեսպանության ներկայացուցիչը երախտագիտության խոսքեր ուղղեց Ալֆորվիլի Հայ մշակույթի տան ղեկավար անձնակազմին՝ ի դեմս նախագահ Երվանդ Բարավյանի և տնօրեն Արաքս Տեր-Գևորգյանի, Ֆրանսիայում հայ գրքի և հայ մշակույթի ճանաչելիության բարձրացման և տարածման գործում ունեցած կարևոր ներդրման համար, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային իշխանություններին՝ Հայաստանին և հայ մշակույթին ցուցաբերվող բացառիկ ուշադրության համար։

  • Կիսվել: