կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը. Սերգեյ Փարաջանով 100

Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը. Սերգեյ Փարաջանով 100

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։

Միջոցառմանը ներկա կլինի  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ծրագիրն իրականացվում է «Սաթէ-Աթղը» (Saté-Atre) թատերական միության հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և հայ արտիստներ: Ներկայացումը ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված:

«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան առաջնախաղը տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հիշեցնենք՝ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Վարպետի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան):

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների  կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

  • Կիսվել: