շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ կանցկացվի

Երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ կանցկացվի

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևին։

Երեկոյին ելույթ կունենա երգեհոնահար Լադա Լաբզինան (Ռուսաստան)։ Ծրագրում Միքայել Թարիվերդիևի երգեհոնային ստեղծագործություններն են, մասնավորապես՝ Երգեհոնի կոնցերտ #1 «Կասանդրա»-ն, Հինգ խորալային պրելյուդ երգեհոնի համար «Հին վարպետների նմանակում» շարքից, Սիմֆոնիա երգեհոնի համար «Չեռնոբիլ»-ը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 12 համերգ Երևանում, Կապանում և Չարենցավանում:

Փառատոնին մասնակցում են արտերկրի հայտնի երգեհոնահարներ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաև վարպետության դասեր: 

Հայկական երգեհոնային դպրոցը ներկայացնում են Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանն ու Մարինա Նահապետյանը:

Փառատոնի ընթացքում հնչում են ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

  • Կիսվել: