Երևանում կհյուրընկալվի ականավոր երաժիշտ Իբրահիմ Մալուֆը
Երևան կժամանի հանրահայտ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ջազի հայկական ասոցիացիայի հրավերով՝ երաժիշտը հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա բացառիկ մենահամերգով, ինչպես նաև կմիանա 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային մրցույթ»-ի ժյուրիի կազմին։
Իբրահիմ Մալուֆի ելույթները հայտնի են հզոր էներգիայով, ժանրային համարձակ համադրություններով և երաժշտական սահմանների անտեսմամբ։ Մալուֆը միջազգային երաժշտական ասպարեզում համարվում է բացառիկ երևույթ։ The New York Times-ը նրան բնութագրում է որպես «վիրտուոզ»․ նա իր կարիերայի ընթացքում միավորել է ջազը, փոփը, դասականը, էլեկտրոնային, միջինարևելյան և աֆրիկյան երաժշտական ազդեցությունները՝ ստեղծելով յուրահատուկ, սահմաններ չճանաչող երաժշտական լեզու։
Լիբանանում ծնված և մանկության տարիներին Ֆրանսիա տեղափոխված երաժիշտը վաղ հասակից ձևավորել է երաժշտության միջոցով մշակույթներն ու աշխարհագրական սահմանները միավորելու իր տեսլականը։ Միջազգային հեղինակավոր մրցույթներում հաղթանակներից հետո նա կերտել է սեփական երաժշտական ուղին՝ թողարկելով բազմաթիվ ալբոմներ և դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ։
Վերջին տասնամյակում Մալուֆը հանդես է եկել ավելի քան 40 երկրում, լեփ-լեցուն դահլիճներով համերգներ է ունեցել Փարիզից մինչև Ստամբուլ, համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնսը, Ուինթոն Մարսալիսը, Ջոն Բատիստը, Սթինգը և այլք։
2021 թվականին նա ելույթ է ունեցել Էյֆելյան աշտարակի առջև Բաստիլի օրվա առթիվ կազմակերպված համերգին, որը դիտել է շուրջ 6 միլիոն հանդիսատես։ 2022 թվականին նա համագործակցել է Անժելիկա Կիջոյի հետ՝ ստեղծելով Queen of Sheba սիմֆոնիկ ստեղծագործությունը, որը նրան բերել է իր առաջին «Գրեմմի» առաջադրումը։
Նրա վերջին նախագծերից Capacity To Love ալբոմը ևս մեկ անգամ հաստատում է Մալուֆի ստեղծագործական համարձակությունը՝ միավորելով տարբեր մշակույթների և ժանրերի արվեստագետներին ինքնության, համայնքի և միասնության թեմաների շուրջ։ Ալբոմի Todo Colores ստեղծագործության համար նա կրկին առաջադրվել է «Գրեմմի»-ի։
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 12-19-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։


