կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում հանդիսավորությամբ նշվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնադրման 70-ամյակը

Երևանում հանդիսավորությամբ նշվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնադրման 70-ամյակը

Երևանում նշվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնադրման 70-ամյա տարեդարձը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշակութային կարևոր օջախի 70-ամյակի միջոցառումը կայացավ դեկտեմբերի 8-ին, Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում։

IMG_8551.JPG (2.95 MB)

Միջոցառման սկզբում էկրանին ցուցադրվեց վավերագրական ֆիլմ՝ նվիրված թանգարանի պատմությանը։ Ֆիլմի նկարահանումները նախաձեռնել է թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը, ով հանդես է գալիս նաև ֆիլմում, պատմում կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին։

IMG_8534.JPG (3.45 MB)

Նա նույնպես ներկա էր երեկոյին և իր խոսքում կարևորեց թանգարանի դերը հայ մշակույթի զարգացման կյանքում։ Հետաքրքիր հուշեր պատմեցին նաև թանգարանի այլ աշխատակիցներ՝ նախկին տնօրեններ Վերժինե Մովսիսյանը (1997-2007թթ․/), Նարինե Թուխիկյան-Խաչատրյանը (2007-2019թթ․, ներկա էր երեկոյին), ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը, այլոք։

Թանգարանի առաջին աշխատակիցներից Վարսիկ Գրիգորյանը պատմում է՝ ինչ խանդավառությամբ է կայացել թանգարանի բացումը, որին մասնակցել են շատ մարդիկ, և դժվարությամբ է հնարավոր եղել թանգարան բերել Ավետիք Իսահակյանին։  Երեկոյին ներկա էին նաև ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, ինչպես նաև  «Սեմ» թատերական և «Prof art» պարային ստուդիաների սաները, ովքեր նկարահանվել են ֆիլմում։

IMG_8520.JPG (3.35 MB)

Հովհաննես Թումանյանի թանգարանի բացումը Երևանում նախաձեռնել է Ամենայն հայոց բանաստեղծի այրին Օլգա Թումանյանը։ 1949թ․, Թումանյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, ՀԽՍՀ կառավարությունը որոշում է ընդունում կառուցել թանգարանի շենքը։ Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով սկսվում է շինարարությունը։ Օգտագործվել է Արթիկի տուֆ քարը, որը Երևանի երկաթգծի կայարան է հասցվել գնացքով, այնուհետև մեենաներով՝ շինհրապարակ։

Նախագիծը Թիֆլիսի՝ Թումանյանի տան հատակագծով է՝ բացառությամբ ճակատային հատվածի։ Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը եղել է բանաստեղծի դուստրն՝ Անուշ Թումանյանը։

Ավելի քան 18 հազար ցուցանմուշները ձեռագրերի պատճեններ են, ֆոտոփաստաթղթեր և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները, մոտ 10 հազար գիրք ունեցող անձնական գրադարանը։ Ֆիլմի ցուցադրումից հետո ներկաներին ողջունեց ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, ով 40 տարի աշխատում է Թումանյանի թանգարանում։ Եղան այլ ելույթներ ևս։

Երեկոյի վերջում թանգարանի կողմից շնորհակալագրեր տրվեցին ֆիլմի կայացմանն օժանդակող թատերական ու պարային խմբերին։ «Թիվ 405»-ը ֆիլմի ստեղծման համար արժանացավ նաև «Հովհաննես Թումանյան-100» արծաթե հուշամեդալի։

Ներկայում Հովհ․ Թումանյանի թանգարանի շենքը հիմնանորոգվում է, և շինարարական աշխատանքները կտևեն մոտ 3 տարի։ Այս պատճառով Թումանյան թանգարանի ցուցանմուշները տեղափոխվել ու ցուցադրվում են «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ Ֆիլմի ընթացքում ներկայացվում է նաև կատարվող շինարարական աշխատանքների ու նախագծային փոփոխությունների մասին։

Երեկոյին ներկա էին թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ, արվեստասերներ, բարեկամներ, մշտական այցելուներ, թանգարանի հիմնանորոգման ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը, այլոք։

  • Կիսվել: