երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի թիվ 16 գրադարանում կայացել է Խոսրով Խլղաթյանի «Իրանապատում» գրքի շնորհանդեսը

Երևանի թիվ 16 գրադարանում կայացել է Խոսրով Խլղաթյանի «Իրանապատում» գրքի շնորհանդեսը

Երևանի թիվ 16 գրադարանում կայացել է Խոսրով Խլղաթյանի «Իրանապատում գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Նուռ» հրատարակչությունը՝ Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի հովանավորությամբ։

Գրքում ամփոփված են այն տպավորությունները, որոնք հեղինակը ստացել է 2022 թվականի օգոստոսին Իրան կատարած զբոսաշրջային այցի ինն օրերի ընթացքում։ Գիրքը բաղկացած է 15 հոդվածներից, որոնք ընթերցողին տանում են դեպի Պարսկահայքի պատմաճարտարապետական գլուխգործոցներ հանդիսացող Սուրբ Ստեփանոս նախավկայի և Սուրբ Թադեի վանքեր, Ավարայրի դաշտ, Արաքս գետի արևմտյան ափ, Յազդ քաղաքի հեթանոսական տաճար, Մահվան աշտարակ, Շիրազի դարպասներ, Շահչերավի մզկիթ, Հաֆեզի դամբարան-թանգարան, հնագույն Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիս, Սեֆյան հարստության մայրաքաղաք Սպահան, որտեղ է գտնվում նաև Նոր Ջուղա հայկական թաղամասը, Քիրմանշահի Բեհիսթունյան ժայռ, որի վրա պարսից արքա Դարեհը թողել է պատմական արձանագրություն և Ալիսադր գյուղի մոտ գտնվող ստորջրյա քարանձավ, որն աշխարհում բացառիկ է իր գեղեցկությամբ ու տարածվածությամբ՝ ավելի քան 11 կմ երկարությամբ։

Գրքի շնորհանդեսին մասնակցել են Երևանի հայ-հունական քոլեջի ուսանողները, Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցի աշակերտները, ովքեր ուսումնական ծրագրով սովորում են պարսկերեն։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները։

Գրադարանի տնօրեն Լուսինե Մարգարյանը և  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի պատասխանատուներն ազդարարել են թիվ 16 գրադարանում պարսկական գրքի անկյան բացման մասին, որտեղ կարող են այսուհետ այցելել պարսկերեն լեզվով ու մշակույթով հետաքրքրվողները։ 

«Այս գրքի ծննդյան համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Ժորժի հետ բացահայտենք Իրանը» տուրիստական կազմակերպության ղեկավար Ժորժ Աբրահամյանին, Հայաստանում Իրանի  դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն պարոն Ասադին ու «Նուռ» տպագրատանը։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի թիվ 16 գրադարանի տնօրեն Լուսինե Մարգարյանին` գրքի շնորհանդեսը պատշաճ կազմակերպելու համար։

Շնորհակալ եմ նաև շնորհանդեսին մասնակից դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին և Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի աշխատակիցներին։ Սա իմ երկրորդ գիրքն է կամ երկրորդ հոգևոր զավակը։ Իրանն իր ահռելի պատմությամբ ու մշակույթով գոնե որոշակիորեն ընկալելու համար հարկավոր կլինի ճամփորդել քանիցս, ուստի չի բացառվում, որ առաջիկայում այս բովանդակության նոր գրքեր ծնվեն։ Այս գիրքը նաև հայ-իրանական բարեկամության գնահատում է և անժխտելի արգասիք, որը պիտի միշտ պահպանենք, խրախուսենք ու զարգացնենք։ Անչափ կարևոր է նաև մեր լեզուների ու մշակույթների փոխադարձ շփումները, որոնք ավելի կմերձեցնեն հազարամյակներով իրար կողքի ապրող հայ ու իրանցի ժողովուրդներին։ Իսկ իրանական հարուստ մշակույթին ու պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար խորհուրդ կտամ անպայման այցելել Իրան ու սեփական աչքերով տեսնել այն հոգևոր հարստությունը, որը տպավորվում է առաջին հայացքից ու հարստացնում մարդու ներաշխարհն ու գիտելիքները»,-ներկաներին է դիմել «Իրանապատում» գրքի հեղինակը։

 

  • Կիսվել: