ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Երևանի գինու օրեր» փառատոնին ներկայացվելու է գինու 1000-ից ավելի տեսակ

«Երևանի գինու օրեր» փառատոնին ներկայացվելու է գինու 1000-ից ավելի տեսակ

«Երևանի գինու օրեր»-ը նշում է իր 10-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում կազմակերպիչները հանդես են գալու բազմապիսի ծրագրով։ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները հունիսի 5-ին, 6-ին և 7-ին կրկին լցվելու են գինու բազմաթիվ տեսակներով, մրցույթով, համերգային ու մշակութային հետաքրքրիր միջոցառումներով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է գինեգործների շքերթով։

«Հունիսի 5-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրում եմ Երևանի Թումանյան փողոց, որտեղից 100 գինեգործներ մեծ շքերթով մուտք են գործելու փառատոնի տարածք։  Սա իրապես հպարտանալու առիթ է, որովհետև մենք ունենք մեծ թվով գինեգործների մասնակցություն, իսկ փառատոնին ներկայացվելու է գինու 1000-ից ավելի տեսակ»,-ասաց Մերի Բադալյանը։

Փառատոնը միայն գինու շուրջ չի ծավալվելու, շեշտադրվելու է նաև գաստրոտուրիզմը, ազգային հագուստը, մշակույթը։ Լինելու են աշխատարաններ, վարպետաց դասեր ու համերգային ծրագիր։  

«ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի խոսքով՝ այս 10 տարիների ընթացքում փառատոնը դարձավ իրադարձային տուրիզմի առանցքային միջոցառումներից մեկը, որն իր շուրջն է համախմբում գինու սիրահարներին աշխարհի տարբեր երկրներից։  «Այս տարիների ընթացքում մեր փառատոնի մասնակցության աշխարհագրությունն այնքան է ընդլայնվել, որ գալիս են Սկանդինավյան երկրներից, Անգլիայից, Ավստրալիայից, ինչը մեզ համար շատ ուրախալի է։ Նպատակ էինք դրել Հայաստանը որպես գինու բնօրրան ճանաչելի դարձնել, 10 տարի անց կարող ենք վստահ ասել, որ  մեր նպատակին հասել ենք»,-ասաց Նունե Մանուկյանը։   

Փառատոնը նաև տնտեսական առումով մեծ նշանակություն ունի։ Նախորդ փառատոնի շրջանակում ներգրավված 250 գործընկերները, ոչ միայն գինեգործները, երեք օրվա ընթացքում ունեցել են 2,5 մլն դոլարի շրջանառություն։ 

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը նշեց, որ «Երևանի գինու օրեր»-ը մայրաքաղաքի մշակութային դիմագծի կարևոր մասն է կազմում։ Շատերի կողմից սիրված ու սպասված այս փառատոնը մեծ ակտիվություն է մտցնում Երևանում՝ բերելով բազմաթիվ զբոսաշրջիկների։

«Երևանի քաղաքապետարանը իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում փառատոնին, և ես շատ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում այն դարձել է այնպիսի կարևոր իրադարձություն, զբոսաշրջային արդյունք, որ մենք մեծ հպարտությամբ ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին»,-ասաց Գոշ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ Երևանը հունիսի սկզբին բավական ակտիվ է լինելու։ «Երևանի գինու օրեր»-ից բացի անցկացվելու է բալետի փառատոնը։ Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մասշտաբային մեծ ծրագիր է սպասվում։ Ժամը 12։00-ից սկսած՝ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու Ազատության հրապարակում, Կարապի լճի հարևանությամբ և Հյուսիսային պողոտայի երկայնքով։   

  • Կիսվել: