շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևան քաղաքում հուշարձան-շենքերի վերաբերյալ խնդիրներն ավելի լայն թափով լուծումներ են սկսելու ստանալ. Ավինյան

Երևան քաղաքում հուշարձան-շենքերի վերաբերյալ խնդիրներն ավելի լայն թափով լուծումներ են սկսելու ստանալ. Ավինյան

Ըստ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած տեղեկության՝ հուշարձան-շենքերի պատշաճ պահպանության մասով Երևանի տարածքում գույքագրվել են շուրջ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց ու ընկերությունների, և ունեն բարեկարգման կարիք: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:

Նշյալ անշարժ գույքը սեփականության իրավունքով տնօրինող անձանց և ընկերություններին նախարարության կողմից 2023-ի հունիսին ուղարկվել է ծանուցում՝ հուշարձան-շենքերի պատշաճ պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ: 

Խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ, հուշարձան-շենքերի արտաքին տեսքի և պահպանման գոտիների պատշաճ պահպանման նկատառումներից ելնելով` Երևան ավագանու՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի 853 Ն որոշմամբ սահմանվել են նոր իրավակարգավորումներ, և ներկայում հուշարձան-շենքերի ու դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգում չիրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Անդրադառնալով թեմային՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ գործընթացը պետք է շարունակական լինի:

«Վստահ եմ, որ այս աշխատանքն իր շատ կոնկրետ արդյունքները բերելու է, և Երևան քաղաքում հուշարձան-շենքերի վերաբերյալ խնդիրներն ավելի լայն թափով լուծումներ են սկսելու ստանալ, որովhետև չի կարող պատահել, որ Երևանի քաղաքապետարանը և [ԿԳՄՍ] նախարարությունը միասնական ջանքերով ուզենան այդ խնդիրը լուծել, ու չկարողանան»,- ասաց նա:

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ արդեն կան որոշ նախագծեր, որոնք ստացել են ԿԳՄՍՆ-ի դրական եզրակացությունը:

«Ուզում եմ հատուկ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այդ շենքերի հետ կապված նախագծերը, և բացի նրանից, որ որոշակի տեմպ տանք ընդհանուր առմամբ վերականգնման նախագծերին, նաև կարևոր է, որ պարբերաբար մենք ինքներս մեր գործիքակազմի շրջանակներում ամեն ինչ անենք, որպեսզի սեփականատերերը սկսեն կոնկրետ գործողություններ անել հուշարձան-շենքերի պահպանման ուղղությամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: