կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևան կժամանեն կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ ԱՊՀ երկրներից

Երևան կժամանեն կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ ԱՊՀ երկրներից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ «Օրացույց» գիտաստեղծագործական ՀԿ-ն նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը կանցկացնի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով:

Սեմինարի նպատակն է քննարկել ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները, ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ` կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության և նոր կինոշուկաների ստեղծման համար:

Սեմինարին կմասնակցեն ԱՊՀ երկրներից ժամանած կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ:

Քննարկումների առանցքում են հեղինակային և հարակից իրավունքների խնդիրները, փառատոնային շարժումները՝ որպես կինոինդուստրիայի զարգացմանը նպաստող գործոններ, կինոակումբների և կինոթատրոնային զարգացումների հարցերը և այլ թեմաներ:

Կհնչեն թեմատիկ զեկուցումներ, տեղի կունենան ոլորտային և կլոր սեղան-քննարկումներ՝ կինոփառատոների և կինոգիլդիաների ղեկավարների մասնակցությամբ:

Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ԱՊՀ անդամ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված ժամանակակից կինոյին և քննարկելու դրանք: Նրանց կներկայացվեն նաև Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքները, հայ կինոյի պատմությունը, անցած ճանապարհը, հայկական կինոժառանգությունը: Մասնակիցները կայցելեն Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մատենադարան, Ազգային պատկերասրահ:

 

  • Կիսվել: