երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեսունմեկ պատանի երաժիշտ միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագրին

Երեսունմեկ պատանի երաժիշտ միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագրին

Երևանից և Հայաստանի մարզերից երեսունմեկ պատանի երաժիշտ միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրին: 

Այս մասին հայտնում են հիմնադրամից և տեղեկացնում, որ ավարտվել և ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» 2023-2024 թվականների կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը։

Ծրագրին դիմելու հայտ էր ներկայացրել ընդհանուր 50 դիմորդ Երևանից, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերից։

Հիմնադրամը, նպատակ ունենալով էլ ավելի մեծ թվով պատանի տաղանդավոր երաժիշտների տալ հնարավորություն կրթվելու և զարգանալու, այս տարի ծրագրում ընդգրկել է կրկնակի թվով պատանի երաժիշտների՝ ներառելով ծրագրում 15 կրթաթոշակառու և 16 մասնակից, որոնցից 5-ը՝ Հայաստանի մարզերից:

Պատանի երաժիշտները կրթական և զարգացման ծրագրի շրջանակում հնարավորություն են ունենալու ստանալ վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների և պրոֆեսորների կողմից, ձեռք բերել բեմական փորձ՝ համերգային ելույթներ ունենալով հիմնադրամի կազմակերպած համերգներին, ունենալ թանգարանային այցեր՝ բացահայտելով Հայաստանի հարուստ մշակույթն ու պատմությունը, ունենալ օտար լեզվի դասեր՝ զարգացնելով իրենց ազատ հաղորդակցման հմտությունները, ներկա գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին և, իհարկե, ստանալ նյութական աջակցություն: 

Դիմորդների կատարումները լսելու և գնահատելու համար ժյուրիի միջազգային հանձնաժողովում ընդգրկվել էին հանրահայտ երաժիշտներ և պրոֆեսորներ՝ Լավարդ Սկու-Լարսեն (ջութակ), Մարկ Սաբբա (ալտ), Դավիթ Աբրահամյան (ալտ), Տիբո Լավրոնով (թավջութակ), Ուքսիա Մարտինես Բոտանա (կոնտրաբաս), Ջորջե Թուդորաքե (թավջութակ), Սիլվիա Կորիչելի (Ֆագոտ), Պակո Մարտինես (ֆլեյտա), Սելին Մոինետ (հոբոյ), Խոսե Վիսենտե Կաստելլո (գալարափող), Նուրի Գուարնաշելլի (գալարափող), Յերոն Ռիմսդեյկ (դաշնամուր), Ֆիլիպ Իվանով (դաշնամուր), Կատյա Վիկմանս (դաշնամուր), Էթյեն Ռապե (դաշնամուր):

  • Կիսվել: