հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՊՀ-ում անցկացվել է «Ոսկի սերմեր» ծրագրի 4-րդ մրցանակաբաշխությունը

ԵՊՀ-ում անցկացվել է «Ոսկի սերմեր» ծրագրի 4-րդ մրցանակաբաշխությունը

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ԵՊՀ 16 ուսանողներ արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի:

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վարդան Ամալյանի, Էրիկ Գևորգյանի, Վաչագան Մանուկյանի, Վահագն Թումասյանի, Ռուբեն Համբարձումյանի և եզդի հերոսների հիշատակին նվիրված կրթամրցանակների նպատակն է խրախուսել երիտասարդ մասնագետներին՝ նպաստելով կրթության և գիտության առաջընթացին։

Ծրագիրը գործում է ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, հայ բանասիրության, պատմության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում և ֆիզիկայի ինստիտուտում։ Կրթամրցանակների հաղթողներին ընտրել են ֆակուլտետային հանձնաժողովները՝ թեկնածուների ներկայացրած հայտերի և հարցազրույցների արդյունքների հիման վրա։

Նշենք, որ նախորդ մրցույթի մրցանակակիրները հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին։

Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել կենտրոնի երգչախումբը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ոսկի սերմեր» ծրագրի կրթամրցանակակիրները։

 

  • Կիսվել: