շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին հանդիսավորապես կվերաբացվի մայիսի 8-ին․ հայ համայնքի ղեկավարներ

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին հանդիսավորապես կվերաբացվի մայիսի 8-ին․ հայ համայնքի ղեկավարներ

Վերջերս Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) երիտասարդական թևի համագումարին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների անունից մասնակցեցին ՀՅԴ անդամներ Տիգրան Չանդոյանը և Գևորգ Ղազիլյանը։ ՀՅԴ անդամները, օգտվելով առիթից, նաև հանդիպեցին տեղի հայ համայնքի ղեկավարների հետ։ Ստորև թուրքերենից թարգմանաբար ներկայացնում ենք միաժամանակ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակիցը հանդիսացող Տիգրան Չանդոյանի հարցազրույցը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայի (Օհաննես Օհանյան) և Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքի հետ։

«Դեռ 10-11 տարի առաջ Դիարբեքիրում հայկական համայնք գրեթե գոյություն չուներ», -Տիգրան Չանդոյանի հետ զրույցում շեշտեց Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայը (Օհաննես Օհանյան)։ Գաֆուր Թյուրքայը, պատասխանելով Դիարբեքիրի հայ համայնքի մասին հարցին, հայտնեց․ «2010-2011 թթ․ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացման հետ մեկտեղ համայնքը ևս ակտիվացավ։ Եթե թվային առումով ասենք, ապա ներկայում համայնքը հազիվ 30 հոգի է կազմում, սակայն մինչև 2015 թվականը, այսինքն՝ նախքան այստեղ տեղի ունեցած թուրք-քրդական ընդհարումները, երբ մեր եկեղեցում միջոցառումներ էինք կազմակերպում, օրինակ՝ Զատիկը կամ Սուրբ Ծնունդն էինք նշում, այդ տոնակատարություններին շատ մարդ էր մասնակցում։ Եկեղեցին խիստ բազմամարդ էր լինում։ Քանզի Դիարբեքիրում ոչ քրիստոնյա հայերի թիվը շատ մեծ է։ Հետևաբար, մեր միջոցառումներին մոտ 700-1000 հոգի էր մասնակցում։ Մինչև իսկ եղել է տոնակատարություն, որին շուրջ 1500 հայ է ներկա գտնվել։ Հուսով ենք, որ այդ օրերը կվերադառնան»։

«Ինչպես նշեց պարոն Օհաննես Օհանյանը, այստեղի քրիստոնյա համայնքը մոտ 30 հոգի է կազմում, սակայն նրանցից բացի կան իրենց հայությունն ընդունող, սակայն առայժմ քրիստոնեությանը չվերադարձած հայեր, որոնց հստակ թիվը դեռ հայտնի չէ,-Akunq.net-ի թղթակցի հետ զրույցում ընկերոջ խոսքը լրացրեց Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը և հավելեց․ «Նաև կան հայեր, ովքեր տեղյակ լինելով հանդերձ իրենց հայկական արմատների մասին, վախենում են բարձրաձայնել։ Նման հայերի շատ մեծ զանգված կա այստեղ։ Սուրբ Կիրակոսից բացի, Դիարբեքիրում Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի այլ մեծ եկեղեցի էլ ունենք, որն ավերակ վիճակում է։ Մտադիր ենք այն նույնպես վերանորոգել, քանի որ այստեղի հայությունը եկեղեցիների շնորհիվ կարողանում է ինքնադրսևորվել։ Ինչպես հայտնի է, այստեղ մուսուլմանների թիվը մեծ ցույց տալու միտում կա, և մեր պայքարը հենց դրա դեմ է ուղղված։ Ուզում ենք, որ Դիարբեքիրի հայերը չմոռանան իրենց հայության մասին, որպեսզի հետագայում նրանց սերունդները ևս հիշեն իրենց հայկական արմատների մասին։ Այդպիսով մենք ցանկանում ենք շեշտել այստեղ դիարբեքիրցի հայերի ներկայության մասին։ Քանզի հետագայում մեր զավակները ևս պետք է իմանան Դիարբեքիրի հայերի գոյության մասին։ Թուրք մահմեդականները փորձում են օրեցօր մոռացության մատնել այստեղի հայերի առկայության փաստը։ Նրանք հետագայում կփորձեն պնդել, որ այստեղի հայերի թիվը փոքր է»։

Էրգյուն Այըքն իր զրուցակցին նաև հիշեցրեց, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու զանգակատունը ժամանակին ավելի բարձր է եղել շրջակա մահմեդական կառույցներից, մասնավորապես՝ մինարեներից, որի պատճառով էլ այն քանդել են։

Գաֆուր Թյուրքայն անդրադառնալով այն հարցին, թե առաջիկայում ինչպիսի միջոցառումներ են նախատեսվում Դիարբեքիրի հայության համար, հայտնեց․ «Քանի որ մինչ այժմ Սուրբ Կիրակոսը վնասված լինելու պատճառով փակ էր, վերջերս որևէ միջոցառում չենք կազմակերպել։ Չենք կարողացել նաև այստեղ եկեղեցական տաղավար տոները նշել։ Եկեղեցու վերանորոգումը կավարտվի այս տարվա մայիսի սկզբներին և 2022 թ․ մայիսի 8-ին կիրականացնենք եկեղեցու հանդիսավոր վերաբացումը։ Հույս ենք տածում, որ վերաբացումից հետո մենք կկարողանանք այստեղ նշել մեր բոլոր տոները, այդ թվում՝ Սուրբ Հարության և Սուրբ Ծննդյան։ Նաև նախատեսում ենք, որ եկեղեցու վերաբացումից հետո Կ․Պոլսից ժամանակ առ ժամանակ հոգևորականներ կայցելեն և արարողություններ կկատարեն։ Մինչև իսկ հույս ունենք, որ Սուրբ Կիրակոսում հայ համայնքին մշտապես սպասարկող մի հոգևորական կնշանակվի։ Այսինքն՝ ցանկանում ենք այս եկեղեցին մշտապես ակտիվ գործող կենտրոնի վերածել»։

Վերջում  Գաֆուր Թյուրքայը հույս հայտնեց, որ Սուրբ Կիրակոսի վերաբացումից հետո Հայաստանի Հանրապետության հայերը ևս, նախկինի նման, կվերսկսեն իրենց այցելությունները Դիարբեքիր և Սուրբ Կիրակոս եկեղեցի, իսկ Էրգյուն Այըքը հիշեցրեց, որ Սուրբ Կիրակոսում հաճախ են հանդես եկել Հայաստանից եկած համույթներ և ցանկություն հայտնեց Հայաստանից այցելուների մեջ ավելի մեծ թվով երիտասարդներ տեսնել։

  • Կիսվել: