չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դերասան Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ «Լուկա» ֆիլմն ընդգրկվել է Ռոտերդամի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Դերասան Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ «Լուկա» ֆիլմն ընդգրկվել է Ռոտերդամի կինոփառատոնի մրցութային ծրագրում

 Ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (աշխատանքային վերնագիրը «Ամրոց») լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է աշխարհի հեղինակավոր փառատոներից մեկում՝ Նիդերլանդներում կայացող Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ ֆիլմում Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ Ֆիլմը նկարահանվել է Սիցիլիայում։

320801806_463715189285482_1562228564526166952_n.jpg (524 KB)

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս եզակի համագործակցության համար շնորհավորում է ֆիլմի արտասահմանյան ստեղծագործական և տեխնիկական ամբողջ կազմին, ֆիլմում ընդգրկված «Դոկինո» ընկերության հետ համագործակցող ստեղծագործողներին և ընկերության հիմնադիր-պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանին։

Ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացել է որպես լիիրավ պրոդյուսերական կողմ Եվրիմաժից աջակցություն ստանալ, ինչն առաջին այդպիսի փորձն էր Հայաստանի համար՝ որոշակի գումար Հայաստան բերելու հնարավորություն ստեղծելով։

  • Կիսվել: