երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցուցադրվել է «Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմը

Ցուցադրվել է «Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմը

Երևանի Առաջին մանկապատանեկանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումը տեղի ունեցավ «Մոսկվա կինոթատրոնի» կարմիր դահլիճում:

Միջոցառման գլխավոր իրադարձությունն էր «Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը այն մարդկանց մասին է, ովքեր իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում հատվել են Առաջին մանկապատանեկանի հետ, կրթվել են այստեղ և դարձել են մեծ պալատական ընտանիքի մի մասնիկը: Ֆիլմը տանում է սերունդների խաչմերուկ՝ ներկայացնելով մեր իրականությունը տարիներ առաջ և այսօր: Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու «Հնի և նորի խաչմերուկում» ֆոտոնախագծի ցուցահանդեսին։

Օրը նշանավորվեց «Կողք կողքի» ներառական նախագծի շնորհանդեսով: Սա մի նոր նախագիծ է, որ Առաջին մանկապատանեկանը սկսել է իրականացնել նոր կառուցվածքային մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում հատուկ մշակված խմբային եղանակով զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները կներառվեն կենտրոնում գործող այն խմբերում, որոնց ղեկավարները հաջողությամբ կավարտեն վերապատրաստման մոդուլային ծրագիրը:

«Այս ձևաչափը իր տեսակով հեղինակային մոտեցում է, որի հաջողության արդյունքում համակարգային լուծումը պատրաստ ենք փոխանցելու մեր գործընկեր այլ արտադպրոցական կազմակերպություններին ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում: Ծրագիրն առանձնահատուկ է նաև ֆինանսական կառավարման արտադպրոցական համայնքային մոդելով, որի արդյունքում հնարավորություն ենք ունենում ավելի արդյունավետ ու նպատակային իրացնելու համայնքային ռեսուրսները՝ հասանելի դարձնելով բազմաթիվ ընտանիքների համար անհրաժեշտ ծառայություններ», - նշեց Երևանի Առաջին մանկապատանեկանի տնօրեն Անուշ Սարգսյանը։

  • Կիսվել: