CIMPA ամառային գիտական դպրոցը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում համախմբել է տարբեր երկրների գիտնականների և ուսանողների
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) մաթեմատիկայի ինստիտուտում հուլիսի 14-ին մեկնարկել է Հիմնարար և կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի (Centre International de Mathématiques Pures et Appliquées, CIMPA) ամառային գիտական դպրոցը՝ «Էլիպտիկ կորեր և դրանց կիրառությունները» թեմայով։ CIMPA գիտական ամառային դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի աջակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, գիտական դպրոցին մասնակցում են ավելի քան երեք տասնյակ գիտնականներ և ուսանողներ ԱՄՆ-ից, Դանիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Հունաստանից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Լիբանանից։

CIMPA ամառային գիտական դպրոցի նպատակն է մաթեմատիկայի ոլորտի արդի և կարևոր թեմաները ներկայացնել զարգացող երկրներում։ CIMPA ամառային գիտական դպրոցի կազմակերպիչներից է Փենսիլվանիայի պետական համալսարանի պրոֆեսոր Միհրան Պապիկյանը։ «էլիպտիկ կորերը կարևոր դեր ունեն ծածկագրության մեջ և լայնորեն ուսումնասիրվում են։ էլիպտիկ կորերի կիրառմամբ լուծվել է Ֆերմայի մեծ թեորեմը, որը բաց է եղել 350 տարի։ Ներկայում այն մաթեմատիկայում լայն կիրառում ունի։ Մեր նպատակն է ներկայացնել այս ուղղությունը գիտական դպրոցի շրջանակում, զարգացնել Հայաստանում թվերի տեսությունը, ծածկագրությունը։ Այս ուղղությունները կարևոր դեր ունեն կիբեռանվտանգության մեջ։ Այսինքն, սա ռազմավարական ուղղություն է, և մենք ցանկանում ենք Հայաստանում ունենալ լավ պատրաստված մասնագետներ», - ասել է պրոֆեսոր Պապիկյանը։
Ըստ աղբյուրի՝ նա շեշտել է ամառային գիտական դպրոցի կարևորությունը համագործակցության, նոր կապերի զարգացման տեսանկյունից։ «Հայաստանի ուսանողների համար շատ օգտակար կլինի շփվել այլ երկրների մաթեմատիկոսների հետ, տեսնել՝ ինչպես են նրանք մտածում, միասին քննարկեն արդի խնդիրներ», - նշել է Միհրան Պապիկյանը։
CIMPA ամառային գիտական դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 26-ը։



