կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Չբացահայտված Եվրոպա». կհնչի Բեթհովենի երաժշտությունը

«Չբացահայտված Եվրոպա». կհնչի Բեթհովենի երաժշտությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։

Նախագծի երկրորդ համերգը կկայանա հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում` նվիրված գերմանական երաժշտությանը, մասնավորապես՝ Լյուդվիգ վան Բեթհովենին։ Երեկոյին ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է:

Բեթհովենը հայ հանդիսատեսին հայտնի է իր սիմֆոնիաներով ու կոնցերտներով, այնինչ նա թողել է վոկալ-կամերային երաժշտության հսկայական ժառանգություն, որն այսօր չի կատարվում մեծ բեմերից։ Համերգի նպատակն է կոմպոզիտորին ներկայացնել նորովի՝ յուրահատուկ ծրագրով։ Ծրագրի առանցքը Բեթհովենի՝ տարբեր ազգերի ժողովրդական երգերի մշակումներն են (ռուսական, ուկրաինական, գերմանական և այլն), ինչպես նաև Գ․ Գելլերտի հոգևոր տեքստերի հիման վրա գրված վոկալ շարքը։ Համերգը կուղեկցվի դաշնամուրային տրիոյի նվագակցությամբ. ելույթ կունենան ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը և դաշնակահար Ելենա Վարդազարյանը։

Նախագծի առաջին համերգը կայացել է ապրիլի 21-ին, որը նվիրված էր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։

Նախագծի գործընկերն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

 

  • Կիսվել: