Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ Խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Բերդավանի հերոս տղաների (լուսանկարներ)
Այսօր Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ Խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։
Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։
Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազան հոր խոսքով այս Խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում, որտեղ պետք է ամեն անգամ այցելենք, եթե զգանք մեզ անպիտան, անուժ և հասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների, մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, որը իր խմբով և մեր զոհված տղաների ընտանիքների հետ այցելեց նրանց շիրիմներին, խոնարհում տվեց նրանց։
Իրեն բերդավանցի համարելով՝ Արսեն Գրիգորյանը իր հարգանքի ու երախտիքի խոսքը ուղղեց բոլոր ներկաներին, բերդավանցիներին:
Խունկ և աղոթք մեր նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար: