ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս տարի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հոբելյանական մրցույթը կանցկացվի Երևանում և Դիլիջանում

Այս տարի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հոբելյանական մրցույթը կանցկացվի Երևանում և Դիլիջանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարի մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ Երևանում և Դիլիջանում:

Մայիսի 12-ից մասնակիցները կհանգրվանեն Դիլիջանի էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտոների ստեղծագործական տանը: Մրցույթի երկրորդ փուլը և գալա համերգը տեղի կունենան Բեթհովենի անվան համերգասրահում:

Մասնակիցների տեղափոխման, կեցության և սննդի ծախսերը կհոգա նախագծի կազմակերպիչը:

Մրցույթի խորհրդի որոշմամբ՝ նախագիծը կհոգա Արցախի մասնակիցների (նաև Հայաստանում այս պահին ժամանակավորապես բնակություն հաստատած)՝ Դիլիջանում կեցության և սննդի ծախսերը՝ մայիսի 10-ից սկսած:

Արցախի այն շնորհալի երեխաները, որոնք չեն կարողանա առկա ձևաչափով ներկա գտնվել մրցույթին, հնարավորություն կունենան մասնակցելու նախագծին առցանց՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունների տեսագրությունները:              

Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն 1 մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար (մինչև 5 րոպե տևողությամբ) և 1 հայալեզու երգ՝ գրված ձայնի և ցանկացած գործիքի համար՝ մինչև 5 րոպե տևողությամբ:

Ավագ խմբի (14-18 տարեկան)  մասնակիցները պետք է ներկայացնեն 1 մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար (մինչև 10 րոպե տևողությամբ) և 1 անսամբլային ստեղծագործություն՝ 2-ից 4 գործիքի համար՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է:          

Մրցույթի մասնակցության համար վճար չի պահանջվում:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան անվանական գավաթներ, իսկ հաղթող մասնակիցները` նաև դրամական պարգև:

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:    

Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան խրախուսական նվերներ, պատվոգրեր:

Մրցույթի մանրամասներ, մասնակցության համար անհրաժեշտ տեղեկություններ կարելի է ստանալ` գրելով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով +374 55 07 07 80 հեռախոսահամարով:

  • Կիսվել: