Ավելի քան 800 ուսանող կկարողանա զարգացնել հետազոտության արդյունքները նորարարական պրոդուկտի վերածելու կարողությունները
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ստեղծարար գրասենյակում կայացել է SciNova ծրագրի 2 տարվա ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի նպատակն է հայ ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման գիտելիքներով ու հմտություններով, զարգացնել նրանց հետազոտության արդյունքները նորարարական պրոդուկտի վերածելու կարողությունները։
SciNova-ն իրականացվում է Ասթոն համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» ծրագրի կողմից։
«Բրիտանական խորհուրդը կարևորում է Հայաստանում ձեռնարկատիրական կրթության զարգացումը, և այդ նպատակով մշակված «Ստեղծարար միտք» նախաձեռնության շրջանակներում իրականացվեցին տարբեր ինստիտուցիոնալ համագործակցություններ՝ աջակցելու երիտասարդների պատրաստվածությանը աշխատաշուկայի համար։ Ուրախ ենք, որ FAST-ը նույնպես օգտվեց այս հնարավորությունից և վստահ եմ, որ SciNova-ի շրջանակում մշակված ուսումնական ծրագիրն ու դասախոսական ձեռնարկը էապես կաջակցեն երիտասարդների շրջանում համապատասխան հմտությունների ու կարողությունների զարգացմանը»,- շնորհավորելով ծրագրի մասնակիցներին նշել է Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովաասափյանը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև SciNova ծրագրի շրջանակներում մշակված դասընթացավարների երկլեզու (հայերեն և անգլերեն) ձեռնարկների շնորհանդեսը։ Ձեռնարկները նպատակ ունեն օժանդակելու դասախոսներին՝ «Գիտահետազոտության մեթոդաբանություն» և «Գիտական նորարարությունների առևտրայնացում» առարկաների դասավանդումը նորացված մեթոդներով իրականացնելու գործում։ Դրանք զինված են ուսանողակենտրոն դասավանդման համար անհրաժեշտ մեթոդներով, աշխատանքային թերթիկներով և լրացուցիչ գրականությամբ։ Ուսումնական ծրագրերի և դասընթացավարի ձեռնարկների մշակման աշխատանքներում FAST-ը համագործակցել է ամերիկյան «Ջեթփաբ Սայնթիֆիք Քըմյունիքեյշնզ» ընկերության (JetPub Scientific Communications LLC) և բրիտանական Ասթոն (Aston) համալսարանի մասնագետներից կազմված խմբագրական խորհրդի հետ։
«Մենք շարունակելու ենք համալսարանների հետ մեկնարկած համագործակցությունները SciNova ծրագրի շրջանակներում՝ աջակցելով դասախոսներին արդյունավետ իրականացնելու գիտական հետազոտությանն ու գիտության առևտրայնացմանն ուղղված դասընթացները։ Պլանավորում ենք նաև առաջիկայում շարունակել օժանդակությունը հատկապես «Գիտության նորարարության առևտրայնացման» դասընթացի արդյունավետ իրականացման ուղղությամբ՝ որպես համեմատաբար նոր գիտելիք ու ոլորտ, ինչպես նաև ծրագրեր մշակել բակալավրիատի համար՝ ապահովելով այս ոլորտում դասընթացների շարունակականությունն ու ավելի վաղ տարիքից հմտությունների զարգացումը»,- նշել է FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։
Հանդիպմանը նաև հնարավորություն է ստեղծվել ակադեմիական ոլորտի ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելու գիտական հետազոտությունների և գիտության նորարարության առևտրայնացման համար Հայաստանում ներկա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։