երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ասոնանս» անսամբլի համերգով եզրափակվել է «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը

«Ասոնանս» անսամբլի համերգով եզրափակվել է «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որի շրջանակում ապրիլի 3-26-ը Երևանում և Գյումրիում մի շարք համերգներ են կազմակերպվել, եզրափակվել է «Ասոնանս» անսամբլի համերգով:

Փառատոնի ընթացքում հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել ութ համերգները, որոնք անցկացվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։

«Ուրախ ենք, որ ունկնդիրը ոգևորությամբ և հետաքրքրությամբ ընդունեց փառատոնային համերգները: «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այս տարի ևս  իրականացվեցին մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, ինչպես նաև նորարարական նախաձեռնություններ»,-նշում են փառատոնի նախաձեռնող «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ից։

Փառատոնի բացման համերգը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. անկրկնելի ելույթ է ունեցել դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)։ Նա հանդես է եկել նաև վարպետության դասով։

Ապրիլի 7-ին ՀԲԸՄ-ում անցկացվել է վարպետության դաս երաժշտագետ և  ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Իսկ ապրիլի 9-ին փառատոնային թիմն ուղևորվել է Գյումրի. Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը ներկայացրել է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ապրիլի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։ Նույն օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը ներկայացրել է ժամանակակից երաժշտություն։ Յուրի Կասպարովը հանդես է եկել վարպետության դասով։ Իսկ ապրիլի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հյուրընկալել է դաշնակահար Լորանս Մխիթարյանին (Բելգիա)։

 

Փառատոնը հարթակ է հանդիսացել նաև սկսնակ արվեստագետների համար. ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին ելույթ են ունեցել ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները։

Ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, իսկ ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին ելույթով հանդես են եկել ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։

Փառատոնն ապրիլի 26-ին ամփոփվել է «Ասոնանս» անսամբլի գեղեցիկ համերգով:

«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։  Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։

Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։

 

  • Կիսվել: