կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը կմասնակցի երևանյան փառատոնին

Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը կմասնակցի երևանյան փառատոնին

Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում («Hollywood bowl») կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները: 

Հանդիպման ընթացքում Գոշ Սարգսյանն աշխարհահռչակ երաժշտին է փոխանցել  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերը՝ Երևանում անցկացվելիք միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու առաջարկով:

«Քաղաքային մշակույթի նոր միջավայր ձևավորելու, Երևանը որպես համաշխարհային մշակութային գործընթացների գործուն մասնակից դիրքավորելու հանձնառության ճանապարհին քաղաքապետարանն իրականացնում է հանրության համար բարձրարժեք մշակութային-իրադարձային միջոցառումներ, որի մեկնարկը տրվեց այս տարվա հունիսին՝ Թումոյի այգում Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված բալետային բացառիկ երեկոների իրականացմամբ»,- նշել է Գոշ Սարգսյանը: 

Փառատոնային մշակույթը խթանելու համար Երևանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել բազմաժանր նոր ծրագրեր և միջոցառումներ, ապահովել դրանց հասանելիությունն ու մատչելիությունը՝ մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի և զբոսաշրջիկների համար: Այդ նպատակով քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի բեմական և լուսաձայնային  գերժամանակակից անհրաժեշտ տեխնիկա:

  • Կիսվել: