կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում (Hollywood bowl) կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները:

Հանդիպման ընթացքում Գոշ Սարգսյանն աշխարհահռչակ երաժշտին է փոխանցել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերը՝ Երևանում անցկացվելիք միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու առաջարկով:

«Քաղաքային մշակույթի նոր միջավայր ձևավորելու, Երևանը որպես համաշխարհային մշակութային գործընթացների գործուն մասնակից դիրքավորելու հանձնառության ճանապարհին քաղաքապետարանն իրականացնում է հանրության համար բարձրարժեք մշակութային-իրադարձային միջոցառումներ, որի մեկնարկը տրվեց այս տարվա հունիսին՝ Թումոյի այգում Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված բալետային բացառիկ երեկոների իրականացմամբ»,- նշել է Գոշ Սարգսյանը:

Փառատոնային մշակույթը խթանելու համար Երևանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել բազմաժանր նոր ծրագրեր և միջոցառումներ, ապահովել դրանց հասանելիությունն ու մատչելիությունը մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի և զբոսաշրջիկների համար: Այդ նպատակով քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի բեմական և լուսաձայնային գերժամանակակից անհրաժեշտ տեխնիկա:

  • Կիսվել: