Արվեստի ստեղծագործությունների առուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել
ՀՀ Կառավարությունը հանդես է եկել կարևոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձևավորման տեսանկյունից:
Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև կանոնակարգել դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:
«Օրենքի հիմնական նպատակներն են՝ խթանել ստեղծարար ոլորտներում ներդրումային հոսքերը, նպաստել ժամանակակից արվեստագետների հանրայնացմանը և ֆինանսական ինքնանաբավությանը, կանխարգելել մշակութային ժառանգության ապօրինի տեղաշարժերը, զարգացնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ապահովելով միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկա»,- ասել է փոխնախարարը:
Նշվել է, որ մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լինելու լիցենզավորման, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:
Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանում: Մինչ այդ նախատեսվում է օրենսդրական փաթեթը լրամշակել՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով նաև աշխատանքային քննարկում:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ այն լրջագույն լրամշակման կարիք ունի: