Արշավախումբն աշխատանքներ է իրականացրել «Գհուկի» վանքում
Մայիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբն (Անահիտ Գրիգորյան՝ հնագետ, Վահագն Հովհաննիսյան՝ քարտեզագիր) աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքում գտնվող «Գհուկի» վանքում (XIII-XIV դդ.)։
Գտնվում է գյուղից մոտ 3 կմ հս-ամ, աե ու հվ ձորերով եզերված անտառապատ սարալանջին, պատմական Նիգ գավառում: «Գհուկ» անվանումն առաջացել է համանուն տեղանքից։ XIII դ. եղել է Խաղբակյանների տիրույթը և պատկանել Բջնիի եպիսկոպոսական թեմին:
Գիտահետազոտական կենտրոնից հայտնում են, որ համալիրից պահպանվել է կիսավեր եկեղեցին՝ զույգ որմնամույթով գմբեթասրահ, 3-3,5 մ պատերի բարձրությամբ: Մույթերը մասնատում են աղոթասրահը՝ ստեղծելով նախասրահի տպավորություն: Աե կիսաշրջան խորանն է՝ բեմով, երկու կողմից կից թաղածածկ ավանդատներով: Միակ մուտքն ամ է՝ եզերված երկնիստ որմնասյուներին հենվող կամարաձև շարվածքով:
Կառուցված է գորշ և դարչնագույն սրբատաշ տուֆից: Աե ճակատը թեթևացված է զույգ եռանկյունաձև խորշով: Պատերը հարուստ են վիմագիր արձանագրություններով, որոնք հիմնականում նվիրատվական բնույթի են, մի քանիսը՝ հիշատակագրային։
Շրջակայքում կիսաքանդ եկեղեցու և ավերված կառույցների փլատակներն են: Հս-աե կողմում եղել է ոչ մեծ գերեզմանոց: Պահպանվել են ուղղանկյուն հարթ տապանաքարեր, պատվանդաններին կանգուն կամ ընկած, ամբողջական ու կոտրված նրբաքանդակ խաչքարեր: