ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անցկացումը Չինաստանում մեզ համար մեծ ձեռքբերում է․ Սերգեյ Սմբատյան

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անցկացումը Չինաստանում մեզ համար մեծ ձեռքբերում է․ Սերգեյ Սմբատյան

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։ Չինական կողմի հրավերով  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կնվագակցի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։

«Չինական կողմն է նախաձեռնել, որ իրենց երկրում անցկացվի Արամ Խաչատրյանին նվիրված մրցույթ և մենք դրան դրական արձագանքեցինք, քանի որ սա ևս մեկ լավ առիթ է՝ հանրահռչակելու  խաչատրյանական արվեստը»,- ասաց Մարտին Թովմասյանը։

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 17-ին արդեն իսկ մեկնարկել է Խաչատրյան մրցույթի հատուկ թողարկումը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում համարեց այն, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է Չինաստանում, մի երկիր, որը փորձում է զարգացնել դասական երաժշտությունը։

«Արամ Խաչատրյանն այն սիմվոլն է, որը նաև միավորում է երիտասարդ երաժիշտներին, քանի որ Չինաստանը հրավիրում է ամբողջ աշխարհի երաժիշտներին մասնակցել մրցույթին։ Եւ եթե կա այդ ցանկությունը, որ հենց Արամ Խաչատրյանը լինի հավաքական կերպարը՝ միավորելով տարբեր ազգերի երաժիշտներին, դա մեզ համար մեծագույն ձեռքբերում է, քանի որ երկար տարիներ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ միջազգային նոր չափանիշներ սահմանել Արամ Խաչատրյանի անվան շուրջ»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Նրա խոսքով՝ սիմֆոնիկ նվագախումբը երկար տարիներ համագործակցել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի  հետ և Չինաստանը գնահատել է այդ աշխատանքը՝ հրավիրելով նվագախմբին Պեկին։

Ըստ նրա՝  այնտեղ նվագախումբը համերգներ կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երրորդ փուլն անցած երաժիշտների հետ։ «Կարծում եմ՝ նվագախմբի ելույթները Չինաստանում, Պեկինի ազգային օպերայում, նոր չափանիշ է մեզ համար»,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ բացի դրանից, սիմֆոնիկ նվագախումբը երեք համերգ կունենա Պեկինում։

  • Կիսվել: