«Անորայի» աստղ Կարեն Ղարագուլյանի մասնակցությամբ շուտով կլինի նոր մասշտաբային պրոյեկտ՝ Երևանյան «Ոսկե ծիրանի» մանրամասները
Նախօրեին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ կինոյի ոլորտի տարածաշրջանային ամենահեղինակավոր միջոցառման՝ «Ոսկե ծիրանի» հանդիսավոր արարողությունը։
Երևանյան կարմիր գորգը իր շուրջն էր հավաքել համաշխարհային կինոյի ամենաերևելի դեմքերից շատերին՝ նրանց մեջ էին ՕսկարակիրՎաչե Թովմասյանը և Կարեն Ղարագուլյանը, Կաննի «Ոսկե արմավենու» դափնեկիր Ջաֆար Փանահին և այլոք։
Մինչ փառատոնի մեկնարկը լրագրողների հետ զրույցում փառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշեց, որ էական խնդիրներ են առաջացել թե՛ Ջաֆար Փանահիի, թե՛ Ամիր Նադերիի Հայաստան գալու հետ կապված։ «Ի սկզբանե մեզ անգամ թվաց, որ այս տարի չի ստացվի ապահովել նրանց ներկայությունը փառատոնին, սակայն բարեբախտաբար հանգամանքներն ավելի բարենպաստ ընթացք ստացան»։

«Անորա» ֆիլմից աշխարհում արդեն լայն ճանաչում ձեռք բերած Վաչե Թովմասյանն ու Կարեն Ղարագուլյանն էլ իրենց հերթին նշեցին, որ «Ոսկե ծիրանի» նման մասշտաբային կինոփառատոնի 22-ամյա պատմությունը Հայաստանը դարձնում է կինոաշխարհի տարածաշրջանային առաջատար։ Վաչեն նաև շտապեց ուրախացնել հայաստանյան կինոմաններին մի հաճելի նորությամբ ևս․ «Շատ մանրամասներ դեռ չասեմ, բայց Կարեն Ղարագուլյանի մասնակցությամբ նոր, իր մասշտաբով նախկինին գերազանցող պրոյեկտը իրեն շատ ուշացնել չի տա»։ Դերասանները նաև հպարտությամբ նշեցին, որ ամեն անգամ Հայաստան ժամանելիս նրանք նկատում են, թե ինչ արագությամբ է երկիրը զարգանում։

Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվեց Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը արժանացել էր Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին։
Բացման արարողության ժամանակ կինոռեժիսորը նշեց․ «Ամեն անգամ, երբ լինում եմ Հայաստանում, լավագույն հուշերով եմ վերադառնում, բայց այս գիշերը տարբերվում էր․ այս գիշեր ինձ համար ամենատպավորիչ հուշն է, որովհետև ուզում եմ խոսել մի մարդու մասին, որի հետ մի տարածքում լինելը մեծ պարտավորություն է։ Երբ ուսանող էի, մեր համալսարանի կողքին կինոթատրոն կար ու մի օր անցնելիս տեսա, որ այս մեծ մարդը մաքրում էր կինոթատրոնի ապակիները, որ իր ֆիլմի պաստառները փակցնի։ Կես ժամ կանգնած նայում էի նրան։ Եվ իրենից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պետք է ամենափոքր դետալներից ուշադրություն դարձնես, և ինքդ զբաղվես ամեն ինչով։ Որոշ մարդիկ միայն կինո չեն նկարահանում, ճանապարհ են ստեղծում։ Միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին․ նա ինձ շատ բան է սովորեցրել։ Նա միակ մարդն էր, որ ինձ սովորեցրեց դիմակայել։ Այս գիշեր ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել իրանական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկին՝ վարպետ Ամիր Նադերիին»։
Ջաֆար Փանահին հանձնեց փառատոնի Փարաջանովյան Թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
«Փանահին ամենակարևոր ռեժիսորներից է իրանական կինոյում, որ ճանապարհ է բացել դեպի ապագա՝ Աբաս Քիառոսթամիի հետ։ Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»,- իր խոսքում նշեց Նադերին։
Մրցանակը հանձման արարողության ժամանակ, ռեժիսորները չկարողացան զսպել իրենց հուզմունքն և գրկախառնվեցին։

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարավի Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Վահե Գրդզելյան


