հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում անցկացվել է «Հացի փառատոն» տոնախմբությունը

Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում անցկացվել է «Հացի փառատոն» տոնախմբությունը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում անցկացվող «Հացի փառատոն» տոնախմբությանը։

Ողջունելով փառատոնի մասնակիցներին` մարզպետը նշել է, որ ոգևորությամբ է մասնակցում տոնախմբությանը. «Շիրակը Հայաստանի հացի շտեմարանն է, իսկ հայ ժողովուրդը միշտ էլ հացը սրբացրել։ Հացը մեր ժողովրդի սրբազան արարչագործությունն է, այն ոչ նյութական ժառանգության բացառիկ տարրերից է: Լավաշը հայերիս համար միայն ուտեստ չէ, այլ պաշտանմունքային նշանակություն ունեցող մշակութային բաղադրիչ և նաև ազգային ինքնության արտահայտություն։

Փառատոնը հողի, հող մշակողի, բերքի ու հացի փառաբանություն է։ Վստահ եմ` հացի փառատոնը համախմբելու է բոլորիս և ստիպելու է վերադառնալ այն կենսական արժեքներին, որոնք վկայում են մեր ժողովրդի արարչագործ ոգու մասին։

Միաժամանակ, ողջունելի է Անի համայնքի մշակութային կյանքի ակտիվացումը, միջոցառումները դեպի բնակավայրեր տեղափոխելն ու տոնական տրամադրությունը գյուղերին փոխանցելը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու հանրայնացումը։

Բարի ժամանց և հաջողություններ փառատոնի մասնակիցներին, թո՛ղ Շիրակում հացի բերքը միշտ առատ լինի»:

Մարզպետը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացրած աշխատանքներին, զրուցել մասնակիցների, ոգևորված երեխաների հետ, եղել գյուղի եկեղեցում

  • Կիսվել: