երկուշաբթի, փետրվար 26
26 / 2 / 2024
Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ

Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ

Մարզային այցելությունները շարունակվում են․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։

Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և մի շարք այլ հարցերով։

Դվինի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նախարարին ծանոթացրել է կաթողիկոսական պալատների և երկու եկեղեցական կառույցների հիմքերի ամրակայման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են երկու տարի առաջ։

«Դվինի հնագիտական նյութի մի զգալի հատվածը գտնվում է հնավայրում և ժամանակին այստեղ գործող թանգարանում է պահվել։ Կան նյութեր՝ հատկապես ապակին, ջնարակը, հախճապակին, որոնք եզակի են ողջ Մերձավոր Արևելքում։ Դվինի հնավայրը շատ հարուստ է, և մենք պարտավոր ենք դրան համաշխարհային նշանակություն տալ»,- նշել է Համլետ Պետրոսյանը՝ շեշտելով, որ այդ նպատակով համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ, համատեղ ցուցադրություններ և փոխադարձ այցեր կազմակերպում։ Իտալացի հնագետների հերթական խումբը Դվին հնավայր կժամանի առաջիկա օրերին։
Համլետ Պետրոսյանը նաև նշել է, որ նախատեսվում է կառուցել թանգարան ու հնագիտական հանգրվան, և քանի որ այդ տարածքում առկա են բավականին հետաքրքիր հնագիտական գտածոներ, դրանք ևս կփորձեն ներառել թանգարանային ցուցադրության մեջ։

Նախարարին ներկայացվել է, որ մշակութային ժառանգությամբ զբաղվող կադրերի, հնագետների և ազգագրագետների, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների կարիք կա։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է բարձրացված բոլոր խնդիրները և վստահեցրել, որ պետությունը կանի հնարավորը՝ աջակցելու Դվին հնավայրում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքին։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Օ․ Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան։ Շաբաթ օրը գրադարանների համար սահմանված է որպես աշխատանքային օր, սակայն նախարարը տեղում արձանագրել է, որ գրադարանի դռները փակ են՝ այսպիսով հնարավորություն չընձեռելով ընթերցողներին օգտվել գրադարանի ծառայություններից։

Նախարարի հաջորդ կանգառը Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր։ Նախարարը շրջել է թատրոնի տարածքում, ծանոթացել փորձասենյակների, ապաստարանի և դահլիճների պայմաններին․ այդ պահին թատրոնում ընթանում էր ներկայացման փորձ։ Հաստատության տնօրեն Կամո Նաղդալյանը ներկայացրել է թատրոնում իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքները։ Նրա խոսքով՝ թատրոնն այս պահին ունի երեք հրատապ խնդիր, որոնք վերաբերում են դահլիճի աթոռների թարմացման, լուսաձայնային տեխնիկայի և հյուրախաղերի համար անհրաժեշտ միկրոավտոբուսի տրամադրման հարցերին։ Ըստ հաստատության տնօրենի՝ թատրոնի դերասանական կազմը բաղկացած է ինչպես մարզի, այնպես էլ Երևանից հրավիրված մասնագետներից՝ միաժամանակ ընդգծելով, որ թատրոնում առկա է դերասանի լուրջ խնդիր։ Նա նաև տեղեկացրել է, որ թատրոնում նախատեսվում է ունենալ ցուցասրահ-թանգարան, որտեղ ներկայացված կլինի հաստատության պատմությունը՝ սկսած 1955 թվականից։

Ժաննա Անդրեսյանն այցելել է նաև թատրոնի հարևանությամբ գտնվող Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ առաջիկայում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի։ Նախարարն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ շեշտադրելով նաև տարածքի բարեկարգման, մարզադաշտի տրիբունաների արդիականացման հարցը։ Մարզադաշտում այդ պահին մարզվում էին Արտաշատի երկու մարզադպրոցների սաները, և նախարարը ներկա մարզիչներից հետաքրքրվել է՝ արդյոք մասնակցելու են վերջիններիս համար նախատեսված կամավոր ատեստավորմանը, որի հաջող արդյունքի պարագայում նախատեսվում է լրավճարի տրամադրում։ Մարզիչները վստահեցրել են, որ անպայման մասնակցելու են ատեստավորման գործընթացին։

Ժաննա Անդրեասյանը եղել է նաև մարզադաշտի հարևանությամբ գործող Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում և ծանոթացել դրա պայմաններին։ Նշվել է համապատասխան մարզական գույքի անհրաժեշտության հարցը, որին ի պատասխան՝ նախարարը վստահեցրել է, որ հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ։

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին։ Նոր մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով․ գործընթացը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։ Գլխավոր ինժեները նախարարին ներկայացրել է իրականացվող շինարարակական աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Նա փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ուսհաստատություն, որը կունենա կանաչապատ և բարեկարգված տարածք։

Նախարարն այցելել է նաև Կոտայքի մարզ, որտեղ ծանոթացել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք: Նախարարը տեղում արձանագրել է, որ առկա են նաև տանիքի վերանորոգման, ջրահեռացման համակարգի, ինչպես նաև քարե պարիսպների ամրացման խնդիրներ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ հարցերը կքննարկվեն և կլինեն համապատասխան քայլեր բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։

Նախարարի հաջորդ կանգառը Բջնիի պատմական ամրոցն էր, որտեղ առկա են հուշարձանի տեսանելիության, ամրոց տանող ճանապարհի և տարածքի բարեկարգման, պարիսպների լուսավորության ցանցի անցկացման խնդիրներ։ Ժաննա Անդրեասյանն այստեղ ևս վստահեցրել է, որ կարվեն համապատասխան քայլեր՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։

  • Կիսվել: