ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը (տեսանյութ)

Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը (տեսանյութ)

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփվել է Երևանի համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնը: Ամենամյա երաժշտական ստուգատեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Երեկոյին ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, հյուրեր:

Մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում այսօր սովորում է շուրջ 9000 աշակերտ: Մրցույթ-փառատոնին մասնակցել է ավելի քան 1000 սան: Սա օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտման, նրանց հետագա կատարելագործման ու գեղարվեստական կրթության ոլորտի շարունակական զարգացմանն ուղղված կարևոր հարթակ է:

Պատանի երաժիշտներն իրենց վարպետութունն են ցուցադրել 11 անվանակարգում՝ դաշնամուր, ազգային, լարային, փողային, հարվածային գործիքներ, մեներգեցողություն, համույթ, նվագախումբ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտության տեսություն: Ի դեպ այս տարի ծրագրի մրցութային փուլի «Երաժշտության տեսություն» անվանակարգը անցկացվել է նոր ձևաչափով՝ սոլֆեջիո և երաժշտական գրականություն առարկաների մրցույթին միասնական քննության ձևաչափով մասնակցել են դպրոցների բոլոր շրջանավարտները: Երեխաներին գնահատել է մասնագիտական հեղինակավոր ժյուրին:

2021-2022 ուսումնական տարվա լավագույն դպրոցներին շնորհավորել ու պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:  

«Երաժշտությունը լեզու է, որի իմացության դեպքում բացվում են արվեստի նոր դռներ: Այս փառատոնը կարևոր ու սպասված իրադարձություն է երաժշտարվեստում: Պատանի երաժիշտների համար այն նաև կարևոր ստուգատես է: Երևանի քաղաքապետարանն ամեն տարի միջոցներ է ձեռնարկում՝ համայնքային մշակութային կրթօջախները նոր գործիքներով վերազինելու համար: Գնահատելի է նաև մանկավարժների այս ծավալով կատարած աշխատանքը: Հենց այդ նպատակով ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած սաների ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները մեր որոշմամբ կխրախուսվեն»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, երկրորդը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն է, երրորդ հորիզոնականում՝ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը, չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են Հ. Դանիելյանի անվան արվեստի և Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցները:

«Տարվա հայտնություն» մրցանակին այս տարի արժանացել է փոքրիկ տրոմբոնահար Էվա Գալստյանը:

Գալա համերգը եզրափակել է երաժշտական և արվեստի դպրոցներից ձևավորված 400 հոգանոց հավաքական երգչախումբը՝ Մարիա Գալստյանի խմբավարությամբ: Հնչել են տարբեր ժամանակներում Երևանին նվիրված ստեղծագործություններ:

Երաժշտական տոնը Երևան կվերադառնա արդեն հաջորդ՝ մրցույթի հոբելյանական տարում:

  • Կիսվել: