շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ակորդեոնահար Ռիշար Գալիանոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կանանց տոնին հանդես կգա Երևանում

Ակորդեոնահար Ռիշար Գալիանոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կանանց տոնին հանդես կգա Երևանում

Մեր ժամանակների լավագույն ակորդեոնահարներից Ռիշար Գալիանոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Համերգը տեղի կունենա կանանց տոնին՝ մարտի 8-ին, իսկ մարտի 9-ին կլինի ջազային երեկո: Համերգները կանցկացվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մարտի 8-ի ծրագրում կհնչեն Պիացոլլայի և Գալիանոյի ստեղծագործությունները` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իսկ մարտի 9-ին կայանալիք ջազային երաժշտության երեկոյին Գալիանոյի հետ բեմում կլինեն Սամվել Գասպարյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփորահար), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Գալիանոն վիրտուոզ ակորդեոնահար, բանդոնեոնահար և կոմպոզիտոր է: Նա հանդես է գալիս երաժշտական բոլոր ժանրերում՝ դասականից մինչև ջազ: Մեր օրերի միակ ակորդեոնահարն է, որին ձայնագրել է հեղինակավոր «Deutsche Grammophon» ընկերությունը: Գալիանոն ձայնագրել է 70 ալբոմ՝ համագործակցելով լավագույն արտիստների ու երաժշտախմբերի հետ:

Նրա մասին ասում են. «Գալիանոն փոխեց ակորդեոնի պատմության ընթացքը»: Գալիանոն իր մասին ասում է. «Ես ցանկացել եմ ակորդեոնը, որին անարդարացիորեն անվանում են «աղքատների դաշնամուր», ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին, չնայած միշտ նվագել եմ «Steinway»-ի վրա»:

Ռիշար Գալիանոն իր փոքրիկ գյուղից դուրս եկավ ու այդ նպատակով մեկնեց Փարիզ: Գալիանոյին հավատացին ու նրա հետ համագործակցեցին մեր ժամանակների լավագույն երաժիշտները: Աստոր Պիացոլլայի հետ նա սկսեց սերտորեն աշխատել 80-ականների սկզբին: Նրանց համագործակցությունը վերածվեց մտերիմ ընկերության: 2010-2016 թվականներին հեղինակավոր «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության կողմից հրատարակվեցին Գալիանոյի «Բախ», «Վիվալդի», «Նինո Ռոտա» և «Մոցարտ» ալբոմները:

Ակորդեոնը մի շարք երկրներում համարվում է ազգային գործիք: Այն առկա է Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բալկանների ժողովրդական երաժշտության մեջ:

«Համերգները, որոնք ես տալիս եմ 50 տարի շարունակ աշխարհի հինգ մայրցամաքներում, պատմում են արտիստի կյանքի մասին, այն տղայի անցած ճանապարհի, որ ոգեշնչված է երաժշտության հանդեպ մեծ կրքով, և ես հրավիրում եմ ձեզ կիսել այդ կիրքն ինձ հետ համերգի ժամանակ»,-ասում է Ռիշար Գալիանոն:

  • Կիսվել: