հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ․ նախարար

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ․ նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն մարզամշակութային խաղերի անցկացումը բացառիկ կարևոր քայլ է համարում երկրի դիրքավորման տեսանկյունից: 

«Շատ կարևոր մի իրադարձության նախաշեմին ենք, որը հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանի դիրքավորման, այնպես էլ մեր երկրում մարզական ու մշակութային մեծ տոնի անցկացման առումով։  Ֆրանկոֆոն խաղերում ներկայացված են լինելու լավագույն մարզիկները, իսկ մշակութային անվանակարգերի համար կհայտարարվի բաց մրցույթ: Ընդհանուր առմամբ, ակնկալում ենք մոտ 4 հազար մասնակցի հյուրընկալել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով խաղերի բուն սպորտային կողմին` Անդրեասյանն ընդգծեց, որ նախապատրաստական փուլում քննարկվող բարդ հարցերից մեկն  աթլետիկա մարզաձևի անցկացումը կազմակերպելու  հարցն է: Որոշվել է Խաղերի աթլետիկայի ու պարաաթլետիկայի մրցումներն անցկացնել «Հրազդան» մարզադաշտում:

«Կհամատեղենք մեր ջանքերը գտնելու համապատասխան լուծումներ: Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են»,-ասաց նա:

2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն  Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:

Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:

Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:

 

 

  • Կիսվել: