երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Աղետների կառավարում». դասընթաց-վարժանք՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

«Աղետների կառավարում». դասընթաց-վարժանք՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար:

Ծրագիրն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում:

Դասընթացը համակարգում է Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և հայաստանյան թանգարանների և ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ և բանակցություններ. «Արդյունքում՝ այդ քննարկումներն ու բանակցությունները հանգեցրին երկու երկրների՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության: Ֆրանսիայի կառավարության կողմից շուրջ 600 հազար եվրո հատկացվեց մշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացանը: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 8 միջոցառում. սա արդեն 9-րդ հանդիպումն է: Առաջին շրջափուլում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում տարբեր հանդիպումներին և վերապատրաստումներին, որի շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 100 վերականգնող-մասնագետ: Համագործակցության կարևոր թիրախներից է աղետների կառավարման ոլորտում մեր թանգարանների աշխատակիցների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում մենք դեռևս ամռանն անցկացրել ենք տեսական դասընթաց, և ուրախ ենք, որ վերջին 5 ամիսների նախապատրաստական աշխատանքներն ու քննարկումներն այսօր գործնական հիմքի վրա են՝ հնարավորություն ընձեռելով փորձարկելու ստացած տեսական գիտելիքները: Մշակութային արժեքների պաշտպանությունը սկսվում է կանխարգելիչ աշխատանքներից, և այս դասընթաց-վարժանքը մենք կարևորում ենք այդ տեսանկյունից»:

Աստղիկ Մարաբյանի հավելմամբ՝ դասընթաց-վարժանքը կանցկացվի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով:

«Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի իրականացման առանցքում Աստղիկ Մարաբյանը կարևորել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ գործակցությունը:

2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝՝ «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մուլյաժային առարկաներով ստեղծվել է միջավայր, որտեղ խաղարկվելու է ենթադրյալ հրդեհի սցենարը. «Այնուհետև տարհանված «առարկաները» կտեղափոխվեն այլ տարածք, որտեղ նախնական խնամքին առնչվող տեսական գիտելիքներ կփոխանցվեն ծրագրի մասնակիցներին: Ինչպես նախորդ դասընթացները, այդպես էլ այս դասընթաց-վարժանքը կարևորվում է նրանով, որ ֆրանսիացի մեր գործընկերների հետ մենք իրականացնում ենք փորձի փոխանակում, ծանոթանում ենք եվրոպական լավագույն փորձերից մեկին և եթե ունենք վերցնելու և տեղայնացնելու անհրաժեշտություն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել: Սա է դասընթացի հիմնանպատակը»:

Դասընթացի համակարգող, Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը երկամյա ծրագրի շրջանակում գործուն համագործակցության համար, որի շնորհիվ այսօր արդեն հնարավոր է վարժանքների միջոցով փորձարկել տեսական գիտելիքները:

  • Կիսվել: