ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
8 առաջնախաղ, մասնակցություն՝ միջազգային փառատոններին. ռուսական դրամատիկական թատրոնն ամփոփում է 2023-ը

8 առաջնախաղ, մասնակցություն՝ միջազգային փառատոններին. ռուսական դրամատիկական թատրոնն ամփոփում է 2023-ը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2023 թվականը բավական ակտիվ տարի էր։ Թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացրել 8 առաջնախաղ՝ «Բալզամինովի ամուսնությունը», «2+2», «Թագավորների խաղերը», «Ֆարյատևի երևակայությունները», «Մկների ժողովը» մանկական ներկայացումը, «Շնիկով տիկինը», «Զառանցանք երկուսով»-ը, «Փոքրիկ ողբերգություններ»-ը։

«Այս տարի մենք բավական ակտիվ սկսեցինք, որ այդ տեմպը պահպանեցինք։ Նաև դրանով պայմանավորված մեր ֆինանսական ցուցանիշները բարձր եղան։ Մեր հանդիսատեսն ուզում է նոր հետաքրքրիր ներկայացումներ դիտել։ Մենք փորձել ենք այս տարի ապահովել, որ մեր հանդիսատեսը բարձր ճաշակի և որակի ներկայացումներ դիտի»,- հրավիրված ասուլիսում նշեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Առաջնախաղեր ներկայացնելուց զատ, թատրոնի ուշադրության կենտրոնում են եղել միջազգային փառատոնները։ Այս ուղղությամբ ևս բավական ակտիվություն կա՝ թատրոնը մասնակցել է 8 միջազգային փառատոնի։ Այս տարի առաջին անգամ թատրոնը «Գարդենիա» ներկայացմամբ Մոսկվայում մասնակցել է Չեխովյան միջազգային թատերական փառատոնին։ Ներկայացման բեմադրիչը Գոռ Մարգարյանն է։  «Գարդենիա» ներկայացումը բուռն արձագանքի է արժանացել միջազգային փառատոնում։ Տարվա ընթացքում «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» փառատոնին, որի հետ թատրոնը ունի բավական սերտ կապեր։

«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ «Բալթյան տուն» փառատոնից արդեն հրավեր ունենք, և հաջորդ տարի կրկին մասնակցելու ենք, այս անգամ «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացմամբ»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։

Թատրոնը հաջորդ տարվա համար ևս նորություն ունի։ Եվ արդեն հայտնում է, որ տարեսկզբին պատրաստվում է հանդիսատեսի դատին ներկայացնել 3 առաջնախաղ՝ «Երիտասարդ բժշկի գրառումները», «Հայրիկը՝ Սարդոստայնում», «Սպանդի Աստվածը»։

Ռուսական թատրոնը վերազինման փուլում է՝ավելացել են լուսային ու ձայնային սարքավորումները։ Վերջին առաջնախաղը հանդիսատեսի դատին է ներկայացվել նոր պայմաններով։ Թատրոնի պայմանների բարելավմանն ուղղված ևս աշխատանքներ են կատարվում։

  • Կիսվել: